«Հայ ֆեստ»-ի շրջանակներում այս տարի երևանյան 10 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում

15:00 • 23.09.14

Մի քանի օրից մայրաքաղաքում կմեկնարկի «Հայ ֆեստ» 12-րդ միջազգային թատերական փառատոնը «Փառատոնային իրարանցում» խորագրի ներքո: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող իրադարձությունն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-8-ը: 

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, փառատոնի մեկնարկից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում նշել է, որ այս տարի փառատոնը կտևի 7-8 օր` նախորդ տարվա 12-ի փոխարեն:

«Մենք կունենանք տարբեր ներկայացումներ, տարբեր թատրոններ կժամանեն Հայաստան: Փառատոնի բացումը կազդարարի աշխարհահռչակ հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնը «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացմամբ` Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Այս տարվա փառատոնի առանձնահատկությունն այն է, որ նույն անունը կրող երկու տարբեր թատրոն է գալու Հայաստան երկրորդ նույնանուն թատրոնը «Լիվինգ փիքչըրս»-ն է Մեծ Բրիտանիայից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Արթուր Ղուկասյանը: 

«Հայ ֆեստ»-ին այս տարի կհյուրընկալվեն 18 երկրից ժամանած 200 մասնակից և հյուր, որոնց թվում` հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնների նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլն:

Երևանյան 10 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում: 

Թատերասերները հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային, իրերի, տիկնիկային, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: 

Ղուկասյանի խոսքով՝ փառատոնն այս տարի ներառում է հզոր ռուսական ծրագիր: Պակաս հետաքրքիր և յուրահատուկ չեն նաև ուսանողական ներկայացումները: 

«Կրճատվել է փառատոնին հատկացվող օգնությունը, սակայն որակը դրանից չի տուժի»,-հավելել է «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահը: Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասեր: 

Փառատոնի նշանավոր ներկայացումներից են «Ջուրը`գդալ-գդալ» (հայ-ամերիկյան համատեղ թատերական նախագիծ), «Արտիշոկ» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up», «Մոդեռն» թատրոնի (Ռուսաստան) «Մահացած պարեր», «Դոկ» թատրոնի (Ռուսաստան) «150 պատճառ հայրենիքդ ատելու համար», «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», «Ֆրեյս Բոզեն» թատրոնի (Իտալիա) «Տեսարան`արգոնավորդների հետ»:

Երևանյան թատրոններից «Հայ ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, «Համազգային», «Փոքր» և «Միհր» թատրոնները: «Հայ ֆեստ»-ը նաև ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց աշխատանքները «Արմֆեստ»-ի ուսանողական ծրագրում: 

Ներկայացումների մուտքը կլինի անվճար, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ թվով հայ թատերասերների ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին: Իսկ փառատոնի բացման ներկայացումը հնարավոր կլինի դիտել հրավիրատոմսերով: 

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «Հայ ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառությամբ Մոսկվայի):  

«Հայ ֆեստ»-ի շրջանակներում այս տարի երևանյան 10 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում