Լեոնարդո Դի Կապրիոն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի շրջանակում
ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի շրջանակում համաշխարհային առաջնորդներն ու հասարակական գործիչները Նյու Յորքում կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ գագաթաժողով են անցկացնում, հայտնում է Russia Today-ը։
Հանդիպմանը ներկա են 125 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Նրանց նպատակն է նախապատրաստել կլիմայի մասին նոր համապարփակ համաձայնագրի ստորագրումը հաջորդ տարի։
Գագաթաժողովը բացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ելույթով։ Նա կոչ է արել անդամ պետությունների կազմակերպություններին՝ կրճատել ածխածնի արտանետումները մթնոլորտ։ «Ածխածնի արտանետումները չպետք է գերազանցեն գազի այն քանակը, որը կարող է կլանել մեր մոլորակը»,- ասել է Բան Կի Մունը։
Գագաթաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, ով վերջերս նշանակվել է ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերով դեսպան։ Նրա խոսքով՝ աշխարհին պետք չէ վերաբերվել այնպես, ինչպես դերասանական խաղին, կարծես՝ դա անիրական է։ «Կլիմայի փոփոխությունն իրական է։ Դա հռետորություն չէ և ոչ էլ հիստերիա։ Դա փաստ է»,- ասել է Դի Կապրիոն։
«Պետք չէ ասել մարդկանց այն մասին, որ նրանք պետք է գնեն թանկ լամպեր կամ երթևեկեն այլ մեքենաներով։ Խոսքն ընդհանրապես ընտրության մասին է՝ արդյունաբերության մասին։ Կառավարությունների մասին, որոնք պետք է խոշորածավալ միջոցներ ձեռնարկեն։ Էկոնոմիկան կմահանա, եթե մահանա էկոհամակարգը»,- նշել է դերասանը։










