Մարգարեթ Թետչերի մասին նովելը սկանդալ է առաջացրել Մեծ Բրիտանիայում
The Guardian թերթում Մեծ Բրիտանիայի ամենաշատ ընթերցվող կին հեղինակներից մեկի՝ Հիլարի Մանթելի ֆանտաստիկ նովելի հրապարակումը, այնուհետ հարցազրույցը նրա հետ բողոք են առաջացրել ընթերցողների շրջանում, այդ թվում՝ հայտնի մարդկանց, գրում է РИА Новости-ն։
Հորինված պատմության սյուժեն բրիտանացի առաջին և միակ կին վարչապետ Մարգարեթ Թետչերի սպանության մասին է։ Գործողությունները տեղի են ունենում 1983թ. օգոստոսի 6-ին Վինձորում։ Պատմվածքը պատմվում է Թետչերի տան հարևանությամբ ապրող հերոսուհու անունից, ում տուն գալիս է մարդասպանը՝ ջրմուղագործ ձևանալով։ Ստեղծագործության հիմնական բովանդակությունը երկխոսությունն է նրա հետ։
Նովելը հրապարակվել է սեպտեմբերի 19-ին The Guardian պարբերականում։ Այն նախանշում է Մանթելի գրքի թողարկումը, որը վաճառքի կհանվի սեպտեմբերի 25-ին և կոչվում է «Մարգարեթ Թետչերի սպանությունը»։
Հեղինակը պատմել է, որ «սպանության» մասին գաղափարն իր մոտ ծնվել է 1983թ. օգոստոսի 6-ին, երբ Վինձորի պատուհաններից մեկում տեսել է վարչապետին և մտածել, որ եթե իր փոխարեն լիներ մեկ ուրիշը, ապա կարող էր հեշտությամբ սպանել նրան։ Մանթելը խոստովանել է, որ այս 30 տարիների ընթացքում նա մտածել է Թետչերի սպանության թեմայի շուրջ, ում ինքը «բնութագրել է որպես հակաֆեմինիստ» և «հոգեբանական տրանսվեստիտ»։
Նովելի հրապարակումը և հատկապես հեղինակի անկեղծությունները բացասական արձագանք են ունեցել։ Թետչերի նախկին PR-խորհրդական և մտերիմ ընկեր Թիմ Բելը հայտարարել է, որ «եթե ինչ-որ մեկը երազում է սպանության մասին, ապա դա պետք է հետաքննի ոստիկանությունը, Մանթելը պետք է բժշկի դիմի»։










