Ազատամարտիկների պառակտման հիմքում սոցիալական խնդիրներն են. Յուրա Միքայելյան

22:54 • 23.09.14

Տարբեր կողմերից ազատամարտիկներին խոստանում են կա´մ ֆինանսական օգնություն, կա´մ առողջական խնդիրների լուծում, ու քաշում տարբեր ուղղություններ, որպեսզի պառակտում առաջանա: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյան՝ պատասխանելով հարցին, թե ինչու են վերջին շրջանում շատացել ազատամարտիկներից կազմված միությունները:


«Ազատամարտիկներն այսօր հիմնականում փողի կարոտ են, առողջական շատ խնդիրներ ունեն, մարդկանց խնդիրները խոստանում են լուծել, ազատամարտիկների մի մասն էլ դրա համար ծախվում է ու գնում»,-ասաց նա:

 

Նշենք, որ ինչպես այսօր գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ սեպտեմբերի 20-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երդվյալ ազատամարտիկների միության համագումարը:


Արցախյան պատերազմի վետերանների միության նախագահը նշեց, որ վերջին շրջանում տարբեր ուժերի կողմից ստեղծվում են ազատամարտիկների միություններ, բայց սրանով ո´չ թե պատվում են ազատամարտիկներին, այլ՝ պառակտում:

 

«Պառակտում են մեզ, տղերքը մեկը մյուսից սկսում են նեղանալ: Երբ որևէ մեկը ուզում է մեր միությանը անդամագրվել, մենք ասում ենք՝ տեսեք, մենք որևէ ֆինանսավորում չունենք, փող չենք բաժանում, մեր նպատակն է՝ լինել մեր բանակի ու զինվորի կողքին, մենք ազգին նվիրված զինվորներ ենք, հենց պետք լինի, պետք է կանգնենք սահմանին՝ զինվորի հետ, համաձա՞յն եք՝ եկեք , չէ՝ Աստված ձեզ հետ: Մարդիկ ազատամարտիկին փողեր են խոստանում, որովհետև նրա ցավոտ կողմը գիտեն: Հա´, բոլորն էլ էսօր վատ են ապրում, աշխատանք չունեցող մարդը իհա´րկե վատ կապրի, բայց դա հո չի՞ նշանակում, որ մարդուն պետք է խաբես ու փողեր խոստանաս, անող էին, թող էս 20 տարվա մեջ անեին, հիմա հանկարծ ի՞նչ եղավ, բարեխիղճ ու բարեհո՞գի դարձան, սկսեցին կազմակերպություններ բացել ու մարդականց բաժան-բաժան անել: Դուք էլ ինձնից լավ գիտեք՝ ովքեր են այս ամենի հեղինակները»,-ասաց նա:


Յուրա Միքայելյանն ընդգծեց, որ իրականում սա ազատամարտիկի ընտրության հարցն է, և յուրաքանչյուրը ինքը պետք է որոշի իր ճանապարհը: