ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին

19:58 • 23.09.14

Սեպտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին։


Ինչպես հայտնում են ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից՝ ողջունելով հյուրին՝ Կարեն Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել ֆրանսիացի օրենսդիրների՝ Արցախ հաճախակի դարձած այցերի կապակցությամբ, ընդգծելով, որ դրանք ոչ միայն նպաստում են Արցախի և Ֆրանսիայի միջև ավանդաբար ջերմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը, այլ նաև կարևոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Արցախի մասին լիարժեք և համակողմանի պատկերացում կազմելու գործում։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի միջև տարբեր բնագավառներում համագործակցության հարցեր, անդրադարձ է կատարվել Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի գործունեությանը։


Կողմերը մտքեր են փոխանակել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլի և մի շարք տարածաշրջանային գործընթացների շուրջ:


Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։