Ազգային երգի ու պարի միջև պետք է երկաթբետոնե կապ լինի. Գագիկ Գինոսյան

12:02 • 23.09.14

Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը և «Կարին» ազգագրական երգ ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով դպրոցներում փորձնական ծրագրով ներդրված «Ազգային երգ ու պար» առարկայի մասին, ասացին թե այս պահին թվով տասը՝ մայրաքաղաքի՝ 8 և մարզերից 2 դպրոցներում փորձարկվում է ծրագիրը:


«Այս ծրագիրը պարտադիր մտնելու է դպրոց, կա նախարարի հրամանը, որևէ տնօրեն կամ ուսուցիչ չպետք է որոշի, թե այս ծրագիրն իրենց դպրոցներում չի ներառվելու»,- ասաց Անահիտ Բախշյանը:


«Մենք ուզում ենք ոչ միայն երգ ու պարը մտցնել դպրոց, խնդիրը միայն այն չէ, որ հայ երեխան երգել ու պարել իմանա, այլ որ այդ մշակույթը միջոց լինի, Հայաստան վերադառնա այն միջոցը, որը կոչվում է պարերգություն: Ազգային երգի ու պարի միջև պետք է երկաթբետոնե կապ լինի: Այս առարկան ոչ թե երեխային պետք է կաղապարի ազգային երգ ու պարի մեջ, այլ նաև դուրս հանի դեպի համաշխարհային, համամարդկային մշակույթ»,-ասաց Գագիկ Գինոսյանը՝ տեղեկացնելով, որ առաջին տարում 8 ծիսական պար և 8 երգ են սովորեցնելու՝ հինգերորդ դասարանցիներին, հետագայում այն կդասավանդվի 5-9-րդ դասարաններում:


Գագիկ Գինոսյանն ասաց նաև, որ դպրոցներում արդեն դասավանդվում է ազգային երգ ու պար առարկան, և դասերից հետո ամեն օր ուսուցիչները գալիս են վերապատրաստման, սովորում պարի խորհուրդը, շարժումների խորհուրդը:


«Հաճախ ուսուցիչները չեն էլ ուզում վերապատրաստման դասաժամերից տուն գնալ, ասում են, թե այս կարճ ժամանակահատվածում իրենք հայրենասեր են դարձել»,- ասաց Գագիկ Գինոսյանը:
 

Ազգային երգի ու պարի միջև պետք է երկաթբետոնե կապ լինի. Գագիկ Գինոսյան