Սննդի կետերում քաղաքապետարանի արձանագրած խախտումները PR ակցիա են. Բաբկեն Պիպոյան
Դեկտեմբերի 2-19-ը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը քաղաքապետարանի համապատասխան վարչության հետ համատեղ դիտարկումներ է անցկացրել մայրաքաղաքի 10 համայնքում:Դիտարկումների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ 34 վաճառակետում, իսկ 90 տնտեսվարողի մոտ մակնշման խնդիր է հայտնաբերվել: Այս մասին Tert.am-ին ասաց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը:
«Որտեղ խնդիր է հայտնաբերվել, ապրանքները ետ են ուղարկվել: Բնականաբար՝ կլինեն վարչական պատասխանատվության ենթարկվողներ, իսկ թե ինչ ապրանքների մասով է խախտում հայտնաբերվել, կտեղեկացնենք շուտով»,-ասաց նա:
Նման ստուգումներին, սակայն, թերահավատորեն է մոտենում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Նախ՝ ստուգողը ընդհանուր որակի ապահովմանը հետևողը Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունն է: Երկրորդ՝ դրանք ուղղակի շրջայցեր են, որոնց մասին ուշացած տեղեկություններ է տրամադրվում: Դրանք առաջին հերթին՝ PR ակցիա են հիշեցնում, քան գործողություններ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ սննդամթերքի հետ կապված անհամապատասխանությունների հանրայնացման գործընթացը պետք է իրականացվի՝ ելնելով քաղաքացուն պաշտպանելու սկզբունքներից, այսինքն՝ կոնկրետ հորդոր և խորհուրդ քաղաքացուն՝ իրականացնելու կամ չիրականացնելու համապատասխան առևտուր և այլն:
ՀԿ նախագահի խոսքով՝ դրանից դուրս կամայական հայտարարություններ անելը կրում է ավելի շատ պոպուլիստական բնույթ, որ՝ տեսե´ք, աշխատել ենք:
Հանրային սննդի օբյեկտների նկատմամբ վերահսկողության պատճառներից մեկը նա համարեց մանկապարտեզների սննդի վերաբերյալ վերջին շրջանի աղմուկը և նշեց, որ ամենևին նշանակություն չունի, թե ինչ և ինչպես է հայտնաբերվում: Շատ մեծ նշանակություն ունի, թե ինչ է արվում, որպեսզի խախտումը չկրկնվի:
«Մենք բազմիցս ականատես ենք եղել դեպքերի, երբ եղել է հայտարարություն, որ հայտնաբերվել է վտանգավոր ապրանք, տրվել է կասեցման կարգադրագիր, սակայն հաջորդ իսկ օրը նույն այդ արտադրանքը խանութում վաճառվել է: Նման ստուգումն արդյո՞ք մեզ հարկավոր է»,-ասաց Բաբկեն Պիպոյանը և օրինակ բերեց «Թամարա» ընկերության արտադրած «20 կոպեկ» պաղպաղակը, որի հետ կապված խախտումներ արձանագրելուց հետո վաճառքը շուկայում ոչ մի օր չի դադարել:










