Հայտնվել է «Իսլամական պետության» կողմից գերեվարված բրիտանացի լրագրողի մասնակցությամբ երկրորդ տեսանյութը

14:37 • 23.09.14

Համացանցում է հայտնվել բրիտանացի լրագրող Ջոն Քենթլիի մասնակցությամբ երկրորդ տեսանյութը, ում պատանդ են պահում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Մեկ շաբաթ առաջ համացանցում հրապարակվել էր լրագրողի մասնակցությամբ առաջին տեսանյութը:

 

Ինչպես նախկին տեսանյութում, այս անգամ էլ Քենթլին նարնջագույն հագուստով նստած է սեղանի շուրջ: Նա ասում է, որ իրեն բրիտանական իշխանություններն առանց օգնության են թողել:

 

Տեսանյութը տևում է վեց րոպե: Լրագրողն ասում է, որ արևմտյան երկրներն անակնկալի են եկել և թերագնահատել են «Իսլամական պետության» հնարավորությունները:

 

Ջոն Քենթլին երկրորդ անգամ է պատանդ ընկնում Սիրիայում: Առաջին անգամ նրան առևանգել էին 2012 թվականին, սակայն ավելի ուշ նրան հաջողվել էր փախչել Սիրիայի ազատ բանակի ապստամբների օգնությամբ: