Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցման գործում մեծ դեր ունեն թուրք զինյալները. թուրքագետներ

14:03 • 23.09.14

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը և արաբագետ Արմեն Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով ISIS գրոհայինների կողմից Դեյր Էզ Զորում հայկական Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցման մասին, ասացին, թե միանշանակ է, որ այդ գործողության մեջ Թուրքիան մեծ դերակատարություն ունի:


«Սիրիայում իսլամիստների ըմբոստության ալիքն սկսելուց ի վեր Թուրքիան բռնեց այդ ըմբոստներին սատարելու կողմը: Դրանից հետո Թուրքիան իր առջև դրել է երկու գլխավոր խնդիր՝ տապալել Ասադի իշխանությունը և երկրորդ՝ Սիրիայում չեզոքացնել քրդական ակտիվացող տարրը և Ցեղասպանությունից հետո Սիրիայում հաստատված հայ համակարգված համայնքին ցրել այլ հատվածներ և ոչնչացնել հայերին պատկանող մշակութային և հոգևոր ժառանգությունը»,- ասաց Անդրանիկ Իսպիրյանը:


Նա ասաց նաև, որ Թուրքիան չի կարող անմիջականորեն ասել, թե Սիրիայում այս ու այն կառույցը վերացրեք, սակայն կապ ունենալով ահաբեկիչների հետ, վստահ է, որ իր կամքն ի կատար է ածվելու:


«Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումն էլ տեղավորվում է այս գործընթացի մեջ, և չի բացառվում, որ այնտեղ մեծ դեր ունեն ահաբեկիչների մեջ եղած թուրք զինյալները»,- ասաց թուրքագետը:


Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ ասաց, թե նման գործողություններ իրականացնելը տեղավորվում է ցանկացած ահաբեկչական կազմակերպության գործունեության տրամաբանության մեջ:


«Պայթեցնելով հայկական եկեղեցին, նրանք փորձում են առավել աչքի ընկնել. թեման դառնում է դիվանագիտական քննարկման առարկա: Իսլամականների հեռահար նպատակը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում լինելն է, աշխարհի բոլոր երկրների իսլամ դավանող երիտասարդների համար կուռք լինելը»,- ասաց Արմեն Պետրոսյանը:


Ի դեպ, թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն ասաց, որ ինքը միջադեպից հետո հետևել է և կարող է ասել, որ մինչ այս պահը թուրքական որևէ լրատվական կայք չի անդրադարձել Դեյր Էզ Զորի միջադեպին: