Տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

19:42 • 24.09.14

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 10-րդ նիստը:


Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել և հավանության են արժանացել «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրինագիծը և Հայաստանում տեսչական համակարգի օպտիմալացման հայեցակարգը: Oրինագծի նպատակն է տեսչական արդյունավետության բարձրացումը և համակարգի օպտիմալացումը: Նշվել է, որ օրենքի նախագծում ներառվել են մի շարք գերատեսչությունների առաջարկությունները:


Հայեցակարգում ներկայացված են այս բնագավառում առաջիկա տարիների ընթացքում նախատեսվող բոլոր գործողությունները:


Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել օրինագծի և հայեցակարգի մշակման աշխատանքներին մասնակցած շահագրգիռ մարմինների, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին և կարևորել տեսչական համակարգի արդյունավետ աշխատանքը: