Աֆրիկյանների հուշարձանի պահպանության համար Սերժ Սարգսյանին դիմելն ուշացած է. կարծիքներ

20:59 • 24.09.14

Երևանի ավագանու «Բա´րև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը գտնում է, որ մի խումբ մտավորականների ու պատգամավորների կողմից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված դիմումը (news.am), որով խնդրում են քայլեր ձեռնարկել Աֆրիկյանների հուշարձանի վերականգնման և պահպանության համար, ուշացած է։
 

Անահիտ Բախշյանը, ով ևս ստորագրել է այդ դիմումի տակ, ասաց, որ տեղյակ չէ, թե ինչու այն ավելի վաղ չի ներկայացվել, քանի որ երկու ամիս առաջ են ստորագրել։ «Ինձնից սկսած՝ դեպքերի հետևից ենք գնում, փոխանակ առջևից գնանք»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

 

Ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող) ոչ միայն գտնում է, որ այդ դիմումը ուշացած է, այլ նաև՝ Սերժ Սարգսյանին կոչով դիմելու իմաստ չի տեսնում, քանի որ ոչինչ չի փոխվելու։ «Կոչով հանդես գալն ինձ համար լուրջ չէ»,-ասաց նա։

 

Ըստ նրա՝ հավանաբար արդյունավետ կլիներ, եթե ավելի վաղ դիմեին։ Նա կարևոր համարեց, որ մարդիկ ո՛չ միայն այդ դիմումի տակ ստորագրեին, այլև մասնակցեին այդ ակցիաներին, թեև դիմումը ստորագրածներից որոշ մարդիկ մասնակցել են։


«Այս իշխանություններից ոչ մի ակնկալիք չի կարելի ունենալ, կոչով հանդես եկողները ևս հասկանում են, որ այն ոչ մի արձագանք չի ստանալու»,-ասաց նա։