Գազայի հատվածի վերականգնման համար կպահանջվի 3,8 մլրդ դոլար. Պաղեստինի վարչապետ
Գազայի հատվածի վերականգնման համար, որն ավերվել է Իսրայելի հետ վերջերս տեղի ունեցած զինված հակամարտության հետևանքով, կպահանջվի 3,8 միլիարդ դոլար, հայտարարել է Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալան:
Այդ գումարն է նա խնդրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած Պաղեստինցիներին օգնություն տրամադրելու հարցով ժամանակավոր համակարգող հանձնաժողովի նախարարական նիստին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նիստի ավարտից հետո Associated Press-ին տված հարցազրույցում Համդալան, մասնավորապես, հայտնել է, որ Սաուդյան Արաբիան խոստացել է 500 միլիոն դոլար տրամադրել: Պաղեստինին օգնություն տրամադրելու պատրաստակամություն են հայտնել նաև այլ երկրներ, հավելել է վարչապետը:
Օգնություն տրամադրելու խնդրանքը, ինչպես նշել են տեղի մեկնաբանները, արվել է այն տեղեկությունների ֆոնին, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել բանաձև, որը երեք տարվա ժամկետ է սահմանում Հորդանան գետի արևմտյան ափից իսրայելական բանակի դուրս գալու համար:










