Հնդիկը երկու ամիս շարունակ փամփուշտը սրտում է ապրել
Բժիշկները հաջողությամբ ավարտին են հասցրել 2 ամիս շարունակ փամփուշտը սրտում կրած հնդիկի վիրահատությունը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով AFP-ին:
Երկու ամիս առաջ Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի արևելյան հատվածում բանկի թալանին պատահաբար ականատես դարձած 32-ամյա հնդիկ Բխարատ Շարմային 2 փամփուշտ է բաժին հասել:
Վիրավորված հնդիկն անմիջապես հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ բժիշկները նրա մեջքից մեկ փամփուշտ են հանել, իսկ երկրորդը, որը սրտին էր դիպել, հրաժարվել են հանել՝ մտավախություն ունենալով, որ Շարման հնարավոր է՝ չդիմանա այդ վիրահատությանը:
Երկու ամիս անց Շարման մեկնել է Ահմեդաբադ, որպեսզի ի վերջո՝ վիրահատվի: Հնդկաստանի SAL մասնավոր հոսպիտալում վիրաբույժ Անիլ Ջեյնը հայտնել է, որ իր թիմի հետ ծայրահեղ բարդ վիրահատություն է իրականացրել, և այն հաջողությամբ է ավարտվել:










