Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

10:22 • 24.09.14

Նյու Յորքում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրյոի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարները և համանախագահները շարունակել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող հարցերի քննարկումները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միացյալ ջանքերի գործադրման վճռականությունը։

Քննարկվել են Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Եռանախագահները տեղեկացրել են հոկտեմբերին տարածաշրջան այցելելու իրենց ցանկության մասին։