«Հարավային գազային միջանցք» նախագիծն ուղղվա՞ծ է Ռուսաստանի դեմ. ինչի կարող է հասնել Հայաստանն այդ մրցակցության արդյունքում

13:00 • 24.09.14

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ ուկրաինական ճգնաժամից հետո Հայաստանն անկախ իր կամքից ներքաշվում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եղած մրցակցության մեջ։ Tert.am-ի հետ զրույցում նա անդրադարձավ «Հարավային գազային միջանցք» նախագծին, որով հնարավոր է Ադրբեջանը մրցակցության մեջ է մտնում Ռուսաստանի հետ՝ Եվրոպայի էներգամատակարարման հարցում։

«Նախ անվտանգության մակարդակը պարտադիր պետք է բարձրացվի, քանի որ դա էներգակիրների հարցում անկանխատեսելի վիճակ է ստեղծում, որովհետև Ադրբեջանը մտնում է մի խաղի մեջ, որի նպատակը ոչ միայն շահույթ ստանալն է, այլ նաև Ռուսաստանի նկատմամբ հակադիր գործողությունների կոմպլեքսն է»,- ասաց Լևոն Շիրինյանը։ 

Նա գտնում է, որ հիմա մենք պետք է աշխատենք Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերություններն ավելի խորացնել։ «Ես կարծում եմ, որ եթե այդ մրցակցությունը սուր լինի, մենք կարող ենք Ռուսաստանի հետ միասին Արցախի միջազգային ճանաչման գործընթացն առաջ տանել»,- ասաց նա։ 

Քաղաքագետը նշեց, որ այդ միջանցքի բացումը նաև Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների կոմպլեքսի մեջ է մտնում։ Ըստ նրա՝ այդպիսով թուլացնում են Արևմուտքի վրա ազդեցություն ունենալու Ռուսաստանի հնարավորությունները։ «Հիմա որպես թուլացման գործիք հանդես է գալիս Ադրբեջանը։ Մենք պետք է գործընթացը այնպես տանենք, որ Ռուսաստանը թեքվի դեպի հայկական կողմը, քանի որ Ադրբեջանի առավել հզորացումը մեզ ձեռնտու չէ»,- ասաց նա։ 

Լևոն Շիրինյանը կարծում է նաև, որ ի հակառակ Ռուսաստանի հետ հարաբերությունների է՛լ ավելի խորացման՝ Արևմուտքը Հայաստանում գտնվող Ռուսաստանին չսիրող ուժերին կակտիվացնի։ «Մեր ներսում կակտիվանան այն ուժերը, որոնք իբրև թե եվրոպական լուսավոր իրականության համար կռիվ կտան՝ Ռուսաստանի հետ մեր դաշինքի դեմ։ Ներսում արևմտամետ կոչված ուժերի արևմտամետությունը ուղղակի չափվում է դոլարի չափով»,-ասաց նա։ 

Ըստ նրա՝ մենք պետք է ցույց տանք,որ սա միայն կոմերցիոն ծրագիր չէ, այլ առաջին հերթին Ռուսաստանը շրջանցող ռազմավարական ուղի է և հնարավոր է Ռուսաստանի և Ադրբեջանի շահերի բախում առաջանա։ Լևոն Շիրինյանն ասաց, որ Ռուսաստանի հետ պետք համագործակցել ոչ թե վասալի կարգավիճակով, այլ՝ գործընկերոջ, սակայն առանց Արևմուտքի հետ հակադրվելու։ 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը նշեց, որ «Շահ Դենիզ2» հանքավայրը տարեկան 16 միլիարդ խմ գազ է կարողանում արդյունահանել, և իմանալու համար թե դա որքան է, մեր զրուցակիցն ասաց, որ Հայաստանը տարեկան սպառում է 1,7 միլիարդ խմ։ Նա նշեց, որ այնտեղ մոտավորապես 200 միլիարդ եվրո ներդրում է նախատեսվում իրականացնել։ 

«Բնականաբար ադրբեջանական գազն իր որակական հատկանիշներով միանշանակ զիջում է, և ինքնարժեքում ավելի թանկ է նստում։ Բացի այդ, ծավալներն այդքան մեծ չեն»,- ասաց Միքայել Մելքումյանը։ 



Նա կարծում է, որ արդյունքում տարածաշրջանի ինտեգրացիայի մեջ Հայաստանն ավելի պասիվ վիճակում է հայտնվում։ Տնտեսագետը այս նախագիծը Ռուսաստանի դեմ իրականացվող քայլ չի համարում։ 

«Եթե տարբեր երկրներ նույնանուն բնական ռեսուրս ունեն մեկը մյուսի դեմ չի ուղղված։ Բնականաբար, դա որոշակի մրցակցային հարաբերություններ է ձևավորում, սակայն ինչ-որ բանի դեմ ուղղված չէ»,- կարծում է պատգամավորը։

Ըստ նրա՝ դա Ռուսաստանի համար մեծ խնդիր չի առաջացնի։ «Եթե նայեք Ռուսաստանի գազի արտահանման ծավալները կտեսնեք, որ դա մեծ խնդիրներ չի առաջացնի»,- ասաց նա։ 

Տնտեսագետը հավելեց, որ, իհարկե, մեզ համար լավ չէ, որ Ադրբեջանը շատ գազ իրացնի և եկամուտները ավելացնի, սակայն կա այն, ինչ-որ կա։