Շվեյցարիայում ձերբակալվել են իրաքցիներ, որոնք պատրաստվում էին երկրի տարածքում ահաբեկչություն կազմակերպել

13:43 • 24.09.14

Շվեյցարիայի իշխանությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված Իրաքի երեք քաղաքացու, որոնք պատրաստվում էին ահաբեկչություն կազմակերպել երկրի տարածքում: Երեք կասկածյալները ձերբակալվել են մարտի վերջին, և այդ ժամանակվանից գտնվում են երկրի մայրաքաղաք Բեռնի բանտերում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ Tages Anzeiger Zürich թերթին հղումով:

 

Նրանց ձերբակալության պատճառ է դարձել «բարեկամական երկրի» հետախուզական ծառայությունից ստացված նախազգուշացումը: Այդ երկիրը հետևել է երեք տղամարդկանց՝ լրտեսելով նրանց խոսակցությունները, և եզրակացության է եկել, որ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք ահաբեկչություն էին պատրաստում պայթուցիկ նյութերի և մահաբեր գազի օգտագործմամբ:

 

Ձերբակալվածներից առնվազն մեկը Շվեյցարիայում ապաստան ստանալու դիմում էր ներկայացրել:

 

Շվեյցարիայի դատախազությունը ձերբակալվածների նկատմամբ հետաքննություն է սկսել՝ պայթուցիկ նյութերով և մահաբեր գազի օգնությամբ այլ մարդկանց կյանքի համար վտանգ ստեղծելու, ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու, ահաբեկչությանն աջակցելու և քարոզելու մեղադրանքներով: