Եռյակի հանրահավաքի օրվա ընտրությունը պատահականություն է, իսկ առաջնորդների մասնակցության հարցը որոշված չէ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե եռյակի՝ հոկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքին կուսակցությունների լիդերները լինելո՞ւ են, ասաց. «Կգաք հանրահավաքին, ամեն ինչ կտեսնեք»։
Նա նշեց, որ հանրահավաքի և Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրման օրվա համընկնումը բացարձակ զուգադիպություն է։
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանը ևս վստահեցրեց, որ հանրահավաքի օրվա ընտրությունը բացարձակապես կապ չունի Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի օրվա հետ։ Իսկ ինչ վերաբերում է կուսակցությունների առաջնորդների մասնակցությանը, ապա նա ասաց. «Լիդերների մասնակցության մասին դեռ տեղյակ չենք»։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ, պատասխանելով հարցին, թե որքանով լուրջ կհամարվի հանրահավաքը, եթե ներկա չլինեն քաղաքական ուժերի առաջնորդները, ասաց, որ թեև տարբեր մարդիկ տարբեր գնահատականներ կարող են տալ, սակայն խորհրդարանական չորս ուժերի կողմից էլի է եղել հանրահավաք, որին լիդերները չեն մասնակցել։ «Ես դա նորմալ եմ համարում, բայց ցանկալի կլինի, որ լիդերները լինեն և ժողովուրդը ակտիվ մասնակցի»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 10-ի ընտրությանը, ապա «Ժառանգության» անդամն ասաց, որ որոշ փորձագետներ ասում են, որ դա պայմանավորված է ԵՏՄ-ին դեմ լինելու, մյուսներն էլ՝ կողմ լինելու հանգամանքով, սակայն երկու կողմերն էլ սխալվում են։
«Ի սկզբանե խորհրդարանական այս համագործակցությունը չի ենթադրել արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ մոտեցումներ։ Մենք կարծում ենք, որ բացառապես ներքին խնդիրներն են կարևոր, և առաջացած արտաքին խնդիրները՝ ոչ լեգիտիմ, թույլ իշխանության հետևանք են»,-ասաց նա և հիշեցրեց, որ «Ժառանգություն»-ն ի սկզբանե դեմ է արտահայտվել ԵՏՄ անդամակցությանը։










