Բոլոր այն նախագծերին, որոնցում առկա է քաղաքացու շահը, ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկում. Տիգրան Ուրիխանյան
Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական 5 պատգամավորի ձեռնպահ քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագծը բացասական եզրակացություն է ստացել, ուստիև չի ընդգրկվել առաջիկա քառօրյայի օրակարգում։ Tert.am-ը փորձեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրխանյանից պարզել, թե մշտապես խոսելով սահմանամերձ շրջանների խնդիրների մասին՝ անհրաժեշտություն չէի՞ն տեսնում, որպեսզի նախագիծը քառօրյա մտներ։
Հիշեցնենք, որ նախագծով պատգամավորն առաջարկում է մի շարք արտոնություններ տալ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, մասնավորապես՝ ազատել հողի և անշարժ գույքի հարկից, փոխհատուցել գազի, հոսանքի, խմելու և ռոգման ջրի ամսական վարձի մի մասը և այլն:
Տիգրան Ուրիխանյանը նախ նկատեց, թե ինքը մասնագիտական եզրակացություն չի կարող տալ, և ճիշտ կլինի, որպեսզի հանձնաժողովի իրենց պատգամավորները խոսեն այդ մասին, բայց որպես կուսակցության խոսնակ՝ նշեց. «Բոլոր այն նախագծերին, որոնցում առկա է քաղաքացու շահը, ԲՀԿ խմբակցությունը քվեարկում է կողմ, բոլոր այն նախագծերի դեպքում, որտեղ քաղաքացու շահն առկա չէ կամ իրատեսական չէ, հնարավոր չէ իրագործել, խմբակցությունը ձեռնպահ է մնում»։
Նա ընդգծեց, որ գուցե հաշվի է առնվել հնարավոր այն տարբերակը, որ Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը մերժելու էին այդ նախագիծը, և այն պարզապես տապալվելու էր, այդ իսկ պատճառով էլ ԲՀԿ պատգամավորները ձեռնպահ են քվեարկել։
Ինչ վերաբերում է մշտապես սահմանամերձ շրջանների խնդիրների մասին խոսելուն, ապա նա նշեց. «Բառացիորեն երեկ կոսակցության առաջնորդը բարեգործական հիմնադրամից հատկացումներ է իրականացրել հերթական սահմանամերձ գյուղի կարկտահարությունից տուժած տանիքների վերանորոգման համար»։










