Քննիչը հայտնել է «Բաշնեֆտ»-ի սեփականաշնորհման գործում ևս երկու կասկածյալի ներգրավման մասին

15:00 • 25.09.14

«Բաշնեֆտ» ռուսական նավթային ընկերության սեփականաշնորհման մասին քրեական գործով կասկածյալ են համարվում «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Գոնչարուկը և գլխավոր փոխնախագահ Սերգեյ Դրոզդովը: Այդ մասին դատարանում հայտարարել է քննիչը, որտեղ քննարկվել է «Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի կալանքի բողոքարկումը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Նա հաղորդել է, որ հանցակիցները թաքնվում են հետաքննությունից: Այնուամենայնիվ, քննությունը մտադիր է հասնել այդ քրեական գործով բոլոր կասկածյալների պատասխանատվության ենթարկմանը:

 

Եվտուշենկովի փաստաբանը հայտնել է, որ Դրոզդովը և Գոնչարուկն արտասահմանում են՝ արձակուրդի կամ բուժման համար:

 

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ դատարանը որոշել է «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովին տնային կալանքի տակ թողնել մինչև նոյեմբերի 16-ը: Այդկերպ դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակել Եվտուշենկովին:

 

Ըստ լրատվամիջոցների՝ այս կալանքը, ի թիվս այլնի, առնչվում է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը, որն իր հերթին կապվում է «Բաշնեֆտի» գործով հետաքննության հետ: