Ադրբեջանը պետք է կատարի Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները. Ան Բրասեր

10:43 • 25.09.14

Ադրբեջանը, մտնելով Եվրոպայի խորհուրդ, կամավոր ստանձնել է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտում պարտավորություններ, և դրանք կրում են ոչ միայն քաղաքական, այլև իրավաբանական բնույթ և պարտադիր են իրականացման համար: Այդ մասին Ադրբեջան կատարած այցի արդյունքներով սեպտեմբերի 24-ի երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ան Բրասերը, հաղորդում է contact.az-ը:

 

Նա հայտարարել է երկրում ուժեղ ընդդիմության գործունեության համար օրենսդրական երաշխիքների բացակայության մասին, առանց որի առկայության ժողովրդավարությունն անհնարին է:

 

Բրասերը նաև կենտրոնացրել է ուշադրությունն Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների վերջին ձերբակալությունների վրա:

 

ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ Ադրբեջան կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է երկրի նախագահի, խորհրդարանի խոսնակի, խորհրդարանում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ազատազրկման մեջ գտնվող անձանց հետ:

 

Նրա խոսքով՝ խորհրդարանում հանդիպումների ընթացքում քննարկումների հիմնական թեման է դարձել ղարաբաղյան հակամարտությունը:  Նա նշել է, որ խնդիրը կարող է կարգավորվել երկխոսության միջոցով, և ԵԽ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

 

Պաշտոնյան նշել է, որ ԵԽԽՎ-ում գոյություն ունեն Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններ, և վեհաժողովը կարող է ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում՝ երկխոսության միջոցով: Նա նաև հիշեցրել է,որ 2005 թվականին ԵԽԽՎ-ն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ բանաձև է ընդունել:

 

Բրասերը նաև նշել է ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության մեջ խնդիրների և դրանց գրանցման ընթացակարգերի դժվարությունների առկայությունը: Նրա խոսքով՝ պետք է ստեղծվեն քաղաքացիական հասարակության գործունեության և արտահայտման ազատության համար հնարավորությունների իրականացման համար նորմալ պայմաններ:

 

Բրասերը նշել է, որ երկրի նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը: Նա նշել է, որ լավատես չէ և չի կարծում, որ քաղբանտարկյալները շուտով ազատ կարձակվեն՝ միևնույն ժամանակ չբացառելով 1-2 մարդու ազատ արձակումը:

 

Բրասերը նաև հետաքրքրվել է քաղաքացիական հասարակության ակտիվիստների զանգվածային ձերբակալությունների պատճառներով: Նա նաև անհանգստություն է հայտնել կալանավայրում իրավապաշտպան Լեյլա Յունուսի վրա գործադրված ճնշումների մասին հաղորդագրությունների առնչությամբ և կոչ արել անցկացնել նրա դեմ բռնության փաստերի հետաքննություն: