Օդանավակայանում դրված են ջերմացույցեր, որոնցով 2 մետր հեռավորության վրա որոշվում է՝ ուղևորը ջերմություն ունի՞, թե՞ ոչ. մասնագետ
ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցառումները՝ Էբոլա վիրուսի Հայաստան ներթափանցումը կանխելու համար: Մասնավորապես՝ պետական սահմաններին ուժեղացվել է հսկողությունն ուղևորների նկատմամբ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դրված են ջերմացույցեր, որոնք հնարավորություն են տալիս 2 մետր հեռավորության վրա որոշել՝ արդյո՞ք տվյալ ուղևորն ունի ջերմություն, թե՞ ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Մանրամասներ ներկայացնելով Էբոլա վիրուսի մասին՝ նա շեշտեց, որ այս վիրուսով հարուցված հիվանդությունը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է և 90% և ավելի դեպքերում ավարտվում է մահով:
«Հիվանդությունը մարդկանց փոխանցվում է կենդանիների՝ կապիկների, խոզերի, այծյամների միջոցով»,-ասաց մասնագետը՝ շարունակելով. «Մարդն այս տենդով հիվանդանում է հիվանդ մարդու կենսաբանական արտազատուկների հետ շփման միջոցով՝ արյան, ախտահարված օրգանների, նաև՝ շրջապատի առարկաների»,-ասաց մասնագետը:
Լիանա Թորոսյանը դեռևս ուրախացնող է համարում այն հանգամանքը, որ այս հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով:
«Արդեն արձանագրվել է հիվանդության 5 864 դեպք, որից 2 811-ը՝ մահացու ելքով: Ցավոք՝ այն երկրներում, որտեղ Էբոլա վիրուս է հայտնաբերվել, բուժաշխատողների շրջանում ևս վարակման դեպքեր են արձանագրվել՝ 240 դեպք, որից 120-ը մահացու ելք է ունեցել»,-ասաց Լիանա Թորոսյանը:
Ըստ Լիանա Թորոսյանի՝ առողջապահության նախարարության առանցքային միջոցառումներից է ինչպես մարզերում, այնպես էլ՝ Երևանում կազմակերպել բժիշկների իրազեկվածության ուղղությամբ սեմինար-աշխատաժողովներ՝ մանրամասներ ներկայացնելով հիվանդության բացահայտման վերաբերյալ, նաև՝ այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի բժիշկը հիվանդից չվարակվի:










