Սալվադորում մոծակներից մոտ 30.000 մարդ է վարակվել չիկունգունյայով

11:29 • 25.09.14

Վեցուկես միլիոն բնակչություն ունեցող Էլ-Սալվադոր պետությունում մոտ 30.000 մարդ մոծակների խայթոցից վարակվել է չիկունգունյայով, հայտնել են երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունից, հայտնում է Reuters-ը:

 

Կառավարությունը սկսել է միջոցներ ձեռնարկել վիրուսի հարուցիչ մոծակների բազմացումը կանխելու համար: Հունիս ամսից ի վեր վարակակիրների թիվն արդեն հասել է 29.704-ի, 204-ը տեղափոխվել է հիվանդանոց:

 

Վարակվելու դեպքերի մեծ մասը մայրաքաղաք Սան Սալվադորում են գրանցվել: Պաշտոնյաները մաքրում են գետերը և այրում են շրջակա խոտածածկ տարածքները` մոծակներին վերացնելու նպատակով:

 

Չիկունգունյան առաջացնում է գլխացավեր, սրտխառնոց և տաքություն: Այս հիվանդության ախտանշանները շատ նման են Դենգե հիվանդությանը, այն տարբերությամբ, որ չիկունգունյայից մարդիկ հազվադեպ են մահանում:

Նշվում է, որ հիվանդությունն առաջին հերթին ախտահարում է հոդերը, ու դա կարող է քրոնիկ բնույթ ստանալ: