Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Հյուսիսային Իրաք
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չհայտարարված այցով ժամանել է Հյուսիսային Իրաք, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով DPA գերմանական գործակալությունը:
Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն Էրբիլ քաղաքի օդանավակայանում:
Պաշտպանության նախարարի այցը կտևի մի քանի ժամ: Ֆոն դեր Լյայենը պատրաստվում է այդ ինքնավար շրջանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ քննարկել քրդական ռազմական կազմավորումների մարտիկներին օգնության տրամադրման հարցերն «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում, ինչպես նաև այցելել կենտրոններից մեկը, որտեղ բունդեսվերի զինծառայողները քրդերին կսովորեցնեն զենք օգտագործել:
Հինգշաբթի Իրաք է ուղարկվել իրաքցի քրդերի համար գերմանական ռազմամթերքի առաջին խումբը:










