«Իսլամական պետության» զինյալները գլխատել են իրաքցի իրավապաշտպանին` Facebook-ում գրառումների համար
Իրաքում «Իսլամական պետության» զինյալները հրապարակավ գլխատել են տեղացի իրավապաշտպան Սամիրա Սալիհ ալ-Նուայմիին, ում մեղադրում էին ուխտադրժության մեջ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` Associated Press-ին հղումով, զինյալների կարծիքով` կինն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հաղորդագրություններ էր ուղարկում, որոնցում քննադատում էր իսլամիստների գործողությունները, մասնավորապես` նրանց կողմից կրոնական կառույցների ավերումը:
Իրաքցի իրավապաշտպանին առևանգել են սեփական տնից՝ սեպտեմբերի 17-ին, Facebook-ում ԻԼԻՊ-ի ծայրահեղականների հասցեին քննադատական հաղորդագրություններ հրապարակելուց հետո:
Իրաքում ՄԱԿ-ի առաքելության տեղեկություններով` Նուայմին 5 օր շարունակ կտտանքների է ենթարկվել, որից հետո ինքնահռչակ շարիաթի դատարանը նրան հրապարակավ գլխատման է դատապարտել:










