Քաղաքացին Օրբելի փողոցից մեքենա է առևանգել և նույն փողոցում վթարի ենթարկվել
Ոստիկանության Արաբկիրի բաժնում սեպտեմբերի 23-ին, ժամը 19.00-ին 1962 թ. ծնված Մանուկ Գ.-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.30-ին, անհայտ անձը փախցրել է Երևանի Օրբելու փողոցի թիվ 11 հասցեի մոտ կայանված իր «ԳԱԶ-2411» մակնիշի ավտոմեքենան, որը Օրբելու փողոցի թիվ 23 հասցեի մոտ վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Պարզվել է, որ անհայտ անձը Մանուկ Գ.-ի գողացված ավտոմեքենայով ժամը 17.50-ին Օրբելու փողոցի թիվ 12 հասցեի դիմաց բախվել է 1961 թ. ծնված Ալեքսան Զ.-ի վարած «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենային և թողնելով այն՝ դիմել է փախուստի, ինչի հետևանքով Ալեքսան Զ.-ն և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18.00-ին, Օրբելի եղբայրների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Վաչագան Բ.-ին, որը տվել է ինքնախոստովանական բացատրություն, որ հիշյալ ավտոմեքենան ինքն է գողացել:
Քննությունը վարում է ՃՏՀ քննչական բաժինը:










