Այդ ելույթը սպասարկեց մեր արտաքին քաղաքական շահերը. Ալեքսանդր Արզումանյանը ՄԱԿ-ում Նախագահի ելույթի մասին
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում գնահատական տալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ ասաց, թե շատ լավ է տիրապետում ՄԱԿ-ի անցուդարձին և մեծ փորձ ունի, հետևաբար՝ «ընդհանուր համատեքստում գնահատականս դրական է»:
«Այդ ելույթը սպասարկե՞ց մեր արտաքին քաղաքական շահերը՝ այո՛, պե՞տք էր Ադրբեջանի մասին խոսել՝ այո՛»,- հարցադրումներ արեց և պատասխաններ հնչեցրեց Ալեքսանդր Արզումանյանը՝ շարունակելով, թե թերևս մեկ թերություն կարող է մատնանշել, որ քիչ խոսեց ՄԱԿ-ի դերի բարձրացման մասին։ «Բայց պետք է հասկանալ նաև, որ ժամանակի խնդիր էլ կար: Պետք էր գիտակցել, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը նշվելու է հաջորդ տարի և մի քանի րոպե ավելի խոսել և առիթն օգտագործելով բարձրաձայնել Ցեղասպանության մասին»,- նշեց նա:
Արզումանյանի գնահատմամբ ճիշտ էր, որ Նախագահը հենց այդ ամբիոնից խոսեց հայ-թուրքական արձանագրությունների մասին:
«Ես ինքս կողմնակից լինելով հայ-թուրքական հարաբերություններին, տեսնում էի, որ վտանգներ կան այդտեղ, մասնավորապես՝ պատմաբանների հանձնաժողովը և այն, որ ստորագրման թանաքը դեռ չչորացած Թուրքիան Արցախը որպես նախապայման դրեց»,-ասաց բանախոսը՝ շարունակելով, թե հայ-թուրքական հարաբերություններ՝ որպես այդպիսին, գոյություն չունեն, դրա սկիզբը դրվել է 1992 թվականին և փորձեր են արվում առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, բայց Թուրքիան թշնամանական գործողություն է արել Հայաստանի նկատմամբ՝ նրան շրջափակման մեջ դնելով և Ադրբեջանի շահերը սպասարկելով:
Հարցին, թե հնարավոր է որ արձանագրությունները «գրողի ծոցն» ուղարկելուն նոր փուլ հաջորդի, Ալեքսանդր Արզումանյանն ասաց, թե նոր փուլ չի սկսվի, այլ՝ վերադարձ ի շրջանս յուր։ «Ինչպես չկային հարաբերություններ, այնպես էլ հիմա չկան»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու հիմա՝ 5 տարի հետո, խոսվեց հայ-թուրքական հարաբերությունները հետ կանչելու մասին, Արզումանյանը պատասխանեց, թե այդ հարցը միշտ էլ հրատապ և օրախնդիր է եղել, ու ճիշտ էր այդ մասին հնչեցնելը այդ բարձր ամբիոնից: Ինչ վերաբերում է «գրողի ծոց» արտահայտությանը, ապա ասաց. «Դա ընդամենը իդիոմատիկ հայտարարություն է, ես այդտեղ հայհոյանք չեմ տեսնում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ես այնպիսի հայտարարություններ եմ լսել, ՄԱԿ-ն այնպիսի ելույթներ է լսել: ՄԱԿ-ը եկեղեցի չէ, և գլխավոր քարտուղարը խոստովանահայր չէ, որ գնաս, քո մեղքերը խոստովանես»:










