Կիպրոսի մոտ փրկված սիրիացի փախստականները պահանջում են իրենց Իտալիա հասցնել
Սիրիացի ներգաղթյալները, որոնք փրկվել են նավաբեկությունից հետո Կիպրոսի ափերի մոտակայքում, հրաժարվել են ափ դուրս գալ և պահանջել են իրենց Իտալիա հասցնել, հաղորդում է ria.ru-ն: Այդ մասին հայտարարել է Salamis Cruise Lines ընկերությունը, ում պատկանում է փրկարարական գործողությանը մասնակցող նավը:
«Նրանք ցանկանում են, որ մենք նրանց Իտալիա տանենք»,- հայտարարել է ընկերության ղեկավարը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ առավոտյան 06:25-ին Պաֆոս քաղաքից 50 մղոն հարավ-արևմուտք գտնվող նավի վրայից աղետի ազդանշան է ստացվել: Օգնության են ուղարկվել ուղղաթիռներ և Salamis Filoxenia նավը, որը գտնվում էր մոտակայքում: Փոքր ձկնորսական նավի վրա եղել է 345 մարդ, որոնցից 50-ը՝ երեխաներ: Ինչպես հաղորդել է Կիպրոսի պաշտպանության նախարարությունը, բոլոր ուղևորներին հաջողվել է փրկել:










