Թուրքիայի պահվածքը հրամայական դարձրեց, որ Նախագահը «գրողի ծոցն» ուղարկի. Դավիթ Բաբայան

09:58 • 26.09.14

Թուրքիայի պահվածքը և քաղաքականությունը դարձրին հրամայական, որ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարի, թե թուրքական կողմը «գրողի ծոցը վավերացնի» հայ-թուրքական արձանագրությունները: Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՝ Նյու Յորքում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ ասաց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Թուրքիան այսքան տարիների ընթացքում որևէ քայլ չի կատարել հարաբերություններն ինչ-որ ձևով կարգավորելու ուղղությամբ: Նա ոչ միայն չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, չի ճանաչում, այլ ամեն ձևով պայքարում է Ցեղասպանության ճանաչման դեմ: Սա դիտվում է որպես Ցեղասպանության շարունակություն»,- ասաց Դավիթ Բաբայանը:


Նշենք, որ Նախագահն իր ելույթում ասել էր, թե՝ «պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղը՝ Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»»:


Դավիթ Բաբայանի խոսքով՝ ակնհայտ է, որ Թուրքիան շատ ապակառուցողական քաղաքականություն է վարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ փորձելով փոխկապակցել այդ հարցը Ցեղասպանության հետ, որոնք բոլորովին տարբեր հարթությունում են:


«Երբ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հայտարարում է, որ Թուրքիան երկու կարևորագույն հարց ունի՝ մեկը հայկական հարցն է, մյուսը՝ Կիպրոսը, էլ ի՞նչ պետք է ակնկալել այս իրավիճակում: Այնպես որ, ուղղակի հրամայական է դառնում այդ արձանագրությունների վերանայման հարցը»,- նկատեց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակը:

Անդրադառնալով Նախագահի ելույթի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի և այդ հակամարտության կարգավորմանն ուղղված Ադրբեջանի գործողությունների հատվածին՝ Դավիթ Բաբայանն ասաց, թե իրենք ևս բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանը դարձել է ֆաշիստական պետություն, որտեղ քարոզվում է հայատյացությունը, նացիզմը, և ընդհանրապես, այդ պետությունը մեծ վտանգ է ներկայացնում ցանկացած նորմալ, քաղաքակիրթ երկրի համար:

«Երբ, օրինակ, ինքնաթիռն Ուկրաինայի տարածքի վրայով անցնելիս պայթեցվեց և մինչև այսօր շարունակվում է այդ միջադեպի հետաքննությունը, ամբողջ աշխարհը ոտքի կանգնեց: Իսկ Ադրբեջանը պետականորեն հայտարարում է, որ ինքնաթիռ է խփելու՝ եթե Ստեփանակերտի օդանավակայանն աշխատի: Այնինչ՝ միջազգային հանրության կողմից այս հոխորտանքը մնում է անպատասխան: Բնական է, որ ագրեսորը դրանից օգտվում է և շարունակում է իր ապակառուցողական և աննորմալ պահվածքը: Եթե ընդհակառակը, միջազգային հանրությունը ժամանակին համապատասխան քայլեր և հռետորաբանություն օգտագործի, երևի թե շատ ու շատ երևույթներ տեղի չեն ունենա. նույն այդ սահմանի միջադեպերը, դիվերսիոն գործողությունները և այլն»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով, թե նման ագրեսորին զսպում է միայն ուժը և պատիժը:


«Սա է խնդիրը, և այստեղ պետք է համաձայնել այն բոլոր կետերի հետ, որ հնչեցրեց Հայաստանի Նախագահը»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, որի վերաբերյալ Նախագահն ասել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ մասնագիտացված կառույցն է, որ երկու տասնամյակ է, ինչ զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրով՝ միջազգային հանրության կողմից ստացված մանդատով, Դավիթ Բաբայանն ասաց. «Հակամարտության կարգավորման ձգձգումը ԵԱՀԿ Մինսկի խմբի մեղքը չէ: Միգուցե նրանք փորձում են միշտ հավասար ձևով արձագանքել այս կամ այն գործընթացներին. նրանք հայտնվել են մի իրավիճակում, երբ գործ ունեն հիվանդ մի պետության հետ, ինչպիսինն է Ադրբեջանը և չեն ուզում գրգռել նրան»:


Վերջինիս համոզմամբ՝ Մինսկի խումբն այն ձևաչափն է, որը ներկա դրությամբ, և երևի թե տեսանելի ապագայում այլընտրանք չունի: Դավիթ Բաբայանը նշեց նաև, թե չի կարծում, որ Մինսկի խմբի փոփոխումը, նրանից հրաժարումը կամ նոր ձևաչափ որոնելը որևէ ձևով կարող է նպաստել խաղաղության և ընդհանրապես՝ հակամարտության կարգավորմանը: