Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ ժամը 18-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը:
«Վերջին դիմումները ստացել ենք ժամը 18-ի սահմաններում»,- ասաց Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ հացադուլավորներին այցելել են ՄԻՊ-ի գրասենյակից, նաև ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի զինծառայողներն են նրանց ցանկությամբ զրուցել նրանց հետ:
«Իրենք են որոշել դադարեցնել հացադուլը»,- փոխանցեց Գոռ Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 29 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ էին հայտարարել: Նրանք պահանջում էին 2011թ-ին մայիսի 25-ի Քրեական օրենսգրքի փոփոխություններով դատապարտման համար սահմանել հնարավորություն՝ պատժաչափերի վերանայման համար։










