Թուրքական իշխանությունների դրական արձագանքը Արամ Առաջինի պահանջին կարող է հանգեցնել մի քանի խնդիրների. թուրքագետ
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մտավախություն ունի, որ եթե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի՝ Սիսի կաթողիկոսարանը և կիլիկյան այլ պատմական եկեղեցական տարածքներ հայությանը վերադարձնելու պահանջին թուրքական իշխանությունները դրական արձագանքեն, կարող են առաջանալ մի քանի խնդիրներ՝ իրավական, քաղաքական և կազմակերպչական։
«Իրավական առումով թուրքական իշխանություններն ընդունում են պոլսահայոց պատրիարքությանը։ Այսինքն՝ եթե վերադարձվեն այդ տարածքները, վերադարձվելու են Պոլսո պատրիարքությանը, և ոչ թե Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությանը, քանի որ այն Թուրքիայում ընդունված իրավական սուբյեկտ չէ։ Քաղաքական առումով Սիսում չկա հայկական համայնք, չկա քրիստոնեական համայնք, և եթե անգամ վերադարձվի, ինչի՞ն է ծառայելու այս կառույցը։ Բացի այդ՝ դա կօգտագործվի քարոզչական նպատակներով և կծառայի 2015 թվականին և ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական լայնածավալ հակաքարոզչությանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Թուրքագետը գտնում է, որ մենք պետք է պատրաստ լինենք, որ թուրքական կողմն էլ ձեռքերը ծալած չի նստում և համարժեք պատասխան է տալու մեզ։
«Թուրքական կողմի արձագանքները միգուցե լինեն համարժեք և վտանգավոր, այսինքն՝ մենք պետք է պատրաստ լինենք թուրքական հերթական շոուին, ինչպես տեղի ունեցավ Ախթամարի պարագայում, առավելևս՝ եթե ինչ-որ մի բան վերադարձվի՝ հայկական պահանջների հիման վրա, այդ շոուն ավելի խորը արտահայտված կլինի»,-ասաց նա։
Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ մենք Թուրքիայի տարածքում բազմաթիվ եկեղեցիներ, եկեղեցապատկան գույք ունենք, և պետք է իրավական անթերի ձևակերպումներով ներկայացնենք մեր պահանջը։
«Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցիների մեծ մասն իրավական առումով պատկանել է Ստամբուլի Հայոց Պատրիարքությանը, որն այսօր պահանջատեր չէ և հնարավոր է՝ չմիանա այդ պահանջին, քանի որ բազմիցս այդ պատրիարքության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք իրենց ունեցած եկեղեցիները չեն կարողանում պահել։ Այստեղ շատ հեշտ է թուրքական իշխանությանը ցույց տալ հայության և անգամ՝ հայ եկեղեցու միջև եղած անհամաձայնությունը»,-ասաց նա և կոչ արեց բոլոր քայլերն անելուց առաջ երկար, մանրակրկիտ՝ իրավական, քաղաքական, գաղափարական առումով մտածել, այլապես մենք կարող ենք դեմ հանդիման կանգնել թուրքական հակահարվածներին, որոնք կարող են այդքան էլ թույլ չլինել։










