Եռյակի համար խնդիր չէ դրված` մի խումբը հեռացնել, բերել մեկ այլ խումբ, եռյակի նպատակն է՝ երկիրը փրկել. Արմեն Մարտիրոսյան

11:42 • 26.09.14

 

Եռյակի համար խնդիր չէ դրված` մի խումբը հեռացնել, բերել մեկ այլ խումբ, եռյակի նպատակն է՝ երկիրը փրկել. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով վստահ է, իրենք բավարար ռեսուրսներ ունեն խաղաղ ձևով իշխանափոխության հասնելու։


«Թավշյա հեղափոխություն ասելով՝ նկատի ունենք խաղաղ, ամբողջական իշխանափոխություն. դրա տարբերակները բազմաթիվ են, և դրա համար բոլոր ռեսուրսները կան։ Ինչ վերաբերում է ադմինիստրատիվ ռեսուրսներին, կարծում եմ, երկրում այնպիսի իրավիճակ է, որ դրա հնարավորությունն իսկապես կա, որովհետև շատ ներկայացուցիչներ իսկապես հասկանում են՝ ինչ է կատարվում երկրում և որ այսպես շարունակվելուց իրենք վաղը և՛ գործազուրկ են լինելու, և՛ աշխատավարձ չեն ունենալու։ Ուստի բոլորի համար ակնհայտ է, որ հեղափոխությունն անհրաժեշտ է, և կարծում եմ՝ դրա ճանապարհը կա»,-ասաց նա։


Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ խաղաղ իշխանափոխության համար իշխանության վերին օղակներին գուցե համոզելու խնդիր ունենան, բայց միջին և ցածր օղակներում, ըստ նրա, դրա անհրաժեշտությունը չկա։


«Համոզելու խնդիր չեմ տեսնում, որովհետև իրենք էլ են հասկանում՝ որքան այսպես շարունակվի, այնքան ավելի վատ է լինելու։ Եթե խոսքը վերաբերում է իշխանության ամենաբարձր հատվածին, ապա իրենց համոզելու կարիք իսկապես կա, կարծես որևէ ձևով չեն ուզում համոզվել, իսկ ինչ վերաբերում է համակարգային փոփոխությանը, ապա դա կարող ենք իրականացնել, հակառակ պարագայում մենք առաջ շարժվելու որևէ շանս այլևս չենք ունենա։ Ես չեմ կարծում, որ մեր կառավարման համակարգի միջին և ստորին օղակներին համոզելու խնդիր կա, իրենք ակնհայտ դա տեսնում են»,-նշեց նա։


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը՝ «անխուսափելի ճամբարափոխություն» ձևակերպումը տեղին չի համարում, փոխարենը նշում է. «Եթե մեր քաղաքացիները ակտիվ լինեն՝ փոփոխությունն անխուսափելի կլինի»։


Իսկ թե ի՞նչն ինչով են առաջարկում փոխարինել, Արմեն Մարտիրոսյանը պատասխանում է, թե իրենք գնում են համակարգային փոփոխության և օրինակ է բերում, որ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից ազատելով՝ իրենք ոչ թե նորից նրան այդ պաշտոնին կնշանակեն, այլ կլինի այնպիսի նոր իրավիճակ, որ ցանկացած պաշտոնատար անձ ոչ միայն իր արարքների համար պատասխանատու կլինի, այլ նաև՝ իր խոսքերի։