Յացենյուկի անձնակազմը վստահեցնում է, որ Նյու Յորքում պատվիրակությունն ավելորդ գումարներ չի ծախսել

11:06 • 26.09.14

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի մամուլի խոսնակ Օլգա Լապոն վստահեցնում է, որ ուկրաինական պատվիրակությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեային մասնակցելու ընթացքում ոչ մի ավելորդ գումար չի ծախսել The Royal Plaza Suite հյուրանոցում մնալու համար, փոխանցում է Обозреватель-ը։

 

Լապոն Facebook-ում գրել է, որ հյուրանոցն ուկրաինական պաշտոնական պատվիրակության համար ամրագրվել է 2 ամիս առաջ, ընդ որում՝ համարները պատվիրվել էին նախագահի գլխավորությամբ պատվիրակության համար։

 

«Որոշումն այն մասին, որ պատվիրակությունը կգլխավորի վարչապետը, և ոչ նախագահը, կայացվել է 3 օր առաջ։ Այս ընթացքում, երբ անցկացվում է ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան, հյուրանոց ամրագրելու այլ տարբերակներ չկան։ Անվտանգության նկատառումներով՝ հյուրանոցների ցուցակը որոշում է ԱՄՆ գաղտնի ծառայությունը։ Բացի այդ, մենք՝ այնտեղ գտնվողներս, մնացել ենք երկտեղ սենյակներում։ Այնպես որ, համարի արժեքը մեկ մարդու համար կազմել է միջինվիճակագրական արժեք՝ այդ քաղաքում այդ ժամանակահատվածի համար»,- գրել է Լապոն։

 

Լրատվամիջոցները հայտնել էին, որ Յացենյուկն ԱՄՆ է մեկնել էկոնոմ դասով, սակայն մնացել Նյու Յորքի ամենաթանկ հյուրանոցում, որտեղ ամենաէժան համարն արժե 1035 դոլար։