Մամեդյարովը ՄԱԿ-ի ԳԱ նիստում անդրադարձել է ԼՂ խնդրին

09:25 • 27.09.14

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նիստում, որի ժամանակ, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև ԼՂ խնդրին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

 

Նա հերթական անգամ մեղադրել է Հայաստանին «Ադրբեջանի տարածքի ավելի քան 20 տոկոսն օկուպացնելու», «ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեային մոլորեցնելու» և «ՄԱԿ-ի ԱԽ -ի ընդունած բանաձևերը չկատարելու համար»:

 

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների ճանապարհով կարգավորելու օգտին: Էրդողանը հերթական անգամ հայտնել է ստատուս-քվոյի անընդունելիության մասին:

 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նիստում ելույթ ունենալիս ասել էր. «Արդեն 20 տարուց ավելի է, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը վիժեցվում են մեր հարևանի ապակառուցողական և առավելապաշտական կեցվածքի պատճառով: Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարություններին ու տարաբնույթ սպառնալիքներին միջազգային պատշաճ գնահատականի բացակայությունը հանգեցրել է այսօրվա ամենաթողությանը. Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդին որակում է որպես «թիվ մեկ թշնամի», իսկ այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում համարվում է հանցագործություն, Ադրբեջանում դիտարկվում է որպես հերոսություն:

 

Խոսելով ԼՂ հիմնախնդրիկարգավորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի ԱԽ կողմից պատերազմի տարիներին ընդունած 4 բանաձևերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում:

 

Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը:


Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձևերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման»: