Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է աջակցել Ստեփանակերտին. Տարոն Մարգարյանը` Սուրեն Գրիգորյանին

22:05 • 27.09.14

ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի հիմնադրման 91-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի հետ:
 

 

Ինչպես հայտնում են Եչևանի քաղաքապետարանից` ողջունելով Երևանի քաղաքապետին` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նախ` շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին` հրավերն ընդունելու համար` ընդգծելով, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է` քննարկելու հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները. «Ուրախ եմ, պարոն քաղաքապետ, Ձեզ կրկին հյուրընկալելու Ստեփանակերտում: Քաղաքի հիմնադրման օրը տոն է ո'չ միայն Ստեփանակերտի բնակիչների, այլև` ողջ արցախահայության համար: Իսկապես շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերն ու կարևոր այս օրը մեզ հետ եք: Սա, Ձեր կողմից ևս մեկ քայլ է` ուղղված երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Վստահ եմ, որ տոնական այս օրը Ձեզ և երևանյան մեր գործընկերների համար ևս կլինի լիարժեք ու Երևան կվերադառնաք լավ տպավորություններով», - ընդգծել է Սուրեն Գրիգորյանը:

 


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Ստեփանակերտի հիմնադրման 91-րդ տարեդարձի կապակցությամբ` Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու Ստեփանակերտին` կյանքի կոչելու քաղաքային տնտեսության ամենատարբեր ոլորտներին առնչվող համատեղ ծրագրեր. «Հաճելի է նկատել, պարոն քաղաքապետ, որ Ստեփանակերտը տարեցտարի քաղաքի օրը դիմավորում է էլ ավելի բարեկարգ պայմաններում, ինչը լավագույնս խոսում է թե՛ քաղաքային իշխանությունների հետևողական աշխատանքի և թե՛ հենց ստեփանակերտցիների սրտացավ վերաբերմունքի մասին: Տոնական շունչն իսկապես նկատելի է Ստեփանակերտում, և վստահ եմ, որ գալիք տարիներին ևս Արցախի մայրաքաղաքը տոնական այս օրը դիմավորելու է նորանոր ձեռքբերումներով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպման վերջում Երևանի քաղաքապետը Ստեփանակերտի գործընկերոջը հրավիրել է Էրեբունի-Երևան 2796-ամյակի տոնակատարություններին մասնակցելու և Երևանի օրը միասին տոնելու: