Վերակառուցելով կյանքը Հայաստանում` Սիրիայի հակամարտությունից փախչելուց հետո. Washington Post-ի անդրադարձը (լուսանկարներ)
Այս տարվա մարտին Քեսաբ հայաբնակ ավանը հարձակման էր ենթարկվել «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման սիրիական ճյուղի՝ «Ան-Նուսրայի ճակատ»-ի կողմից: Քրիստոնյա սիրիահայերը, որոնք երկար ժամանակ ապրում և աշխատում էին այս շրջանում, ստիպված էին փախչել՝ թողնելով իրենց սեփականությունն ու բիզնեսները: Մինչ շատ լրագրողներ ներկայացրել են հարևան Լիբանան մեկնած փախստականների պատմությունը, ֆոտոլրագրող Ջանմարկո Մարավիլիան իր լուսանկարչական սարքն ուղղել է հակառակ ուղղությամբ՝ նրանց, ովքեր հետ են ճանապարհորդել իրենց հայրենի Հայաստան, գրում է Նիկոլ Քրաուդերը The Washington Post թերթում:
Մարավիլիայի «Հայրերի հող» շարքը ներկայացնում է այն մարտահրավերները, որոնց բախվել են շատ փախստականներ կոնֆլիկտին հաջորդած ամիսների ընթացքում՝ փորձելով հարմարվել նոր կյանքին՝ հեռավոր Սիրիայում նրանց երբեմնի բարեկեցիկ կյանքից հետո:
Հայաստան արտագաղթած բազմաթիվ սիրիահայերից առավել ունևորները գեղեցիկ տներ են վարձակալել Երևանի կենտրոնում: Սակայն նրանց խնայողությունները կարճ ժամանակում վերջացել են` կայուն աշխատանքի բացակայության պատճառով, գրում է հեղինակը:
Հայաստանի կառավարությունն առաջարկել է «Նոր Հալեպ» կոչվող շքեղ բնակելի համալիր կառուցել, ինչպես նաև մի շարք այլ նոր բնակելի թաղամասեր: Սակայն առաջարկը քննադատությունների է ենթարկվել այն պատճառով, որ բնակելի համալիրը նախատեսված էր հարուստների համար և հասանելի չէր բոլորին:
Ինչպես նշվում է հոդվածում` 2014 թվականի մայիսից, երբ ստեղծվել է ֆոտոշարքը, մինչ այժմ այն տարածքը, որտեղ պետք է կառուցվեր առաջարկվող նոր համալիրը, ոչ մի զարգացում չի ունեցել: Կիսատ թողնված կառույցի շուրջը՝ բաց դաշտում, ազատ շրջում են ոչխարները:
Ոչ հարուստ փախստականները ստիպված են եղել տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրանց տրվել են անվճար բնակարաններ և հող՝ մշակելու համար:
«Ապագայի համար իրենց ապրուստը հոգալ կարողանալու անորոշությունը շատերին թողել է աքսորի թախծի և ինտեգրման նյութական դժվարությունների միջև», - եզրափակում է հոդվածագիրը:
Ուշագրավ ֆոտոշարքը կարող եք դիտել՝ այստեղ:










