Հավաքական անգիտակցության համախտանիշ. դուք էլ անթերի չեք
Պատասխանեք խնդրեմ այս հարցերին. Ձեզ անպաշտպա՞ն եք զգում,հուսահա՞տ եք, վախենո՞ւմ եք ռիսկի դիմել, իրավիճակն անելանելի և անուղղելի՞ է թվում, հրաժարվո՞ւմ եք պայքարել, որովհետև այն արդեն անիմա՞ստ եք համարում։ Եթե այո, ուրեմն հոգեբանը կպնդի, որ Դուք արդեն գտնվում եք հոգեկան անկայունության եզրին։ Բայց առայժմ չարժե հոգեբանի մոտ վազել, բավական կլինի Ձեզ դեմ տալ դիմացի պատին և սեփական անձի հետ դաստիարակչական զրույցներ վարել։ Քանի դեռ վրա չեն հասել մնացած ախտանիշները՝ հուզական բթությունն ու վերջնական ամլությունը, մտքերի խցանումն ու անդառնալի կանգը, կամային խաթարումները և դրանից արտազատվող ապուշ գալարումները՝ այդ անտանելի էյֆորիան, որը բավականին լայն շառավղով մտազրկում է նաև հիվանդի շրջապատը։ Զգույշ լինենք։
Կյանքը ցույց տվեց, որ այսպիսի տեքստեր պիտի անպայման գրել, չնայած ես բարոյախրատական նեյնիմներից ու հատկապես կարգախոսներից ուղղակի զզվում եմ, բայց իմ տեսած լավագույն տեքստերից մեկը հենց աուտիկ երեխաներից մեկի հնարած կարգախոսն էր՝ փակցված իրենց հաստատության ճակատին. «Դուք էլ անթերի չեք»։
Այսպես կոչված «պրիմիտիվների»՝ հոգեկան հիվանդների և երեխաների աշխարհն այսօր լայնորեն կրկնօրինակվում է և արդեն հարց է, թե որ իրականության ներսում է ավելի շատ հավաքական անգիտակցություն բեռնված։ Որովհետև երեխաներն ու հոգեկան շեղում ունեցող մարդիկ ավելի գունեղ հոգեկենսագրություն ունեն և աշխարհը, որքան էլ իրեն ճղի, չի կարող տեղավորվել խելագարի իմիջի մեջ, որովհետև... չի կարող։ Ճիշտ է, մարդիկ անշեղորեն գնում են խելապակասության ճանապարհով,բայց դրա պաշտոնական անվանումը հաստատ խելագարություն չէ։ Միայն ամենաերևելի հանճարին է հասու երազանքների ու նրա վրա գործադրված բիրտ ուժի ճնշման տակ գժվել ու կորսված ջղերի, նվվացող ջլերի հևոցի տակ երկնել՝ դառնալով իր հերոսն ու սիրեկանը միաժամանակ, արքա, ստրուկ, ոչնչություն՝ հենց ոչնչություն։ Իզուր են թաքցնում, որ Վան Գոգը շիզոֆրենիկ էր ու հենց ինքն է ածիլել սեփական ականջն ու մատաղ արել մի պոռնիկի։ Չարենցին հասնե՞նք. հեռուն կգնանք։ Բայց հոգեկան խնդիրներ ունեցող տղայի հետ այս զրույցը կարդալուց առաջ կխնդրեի մեկ անգամ էլ վերընթերցել այս փոքրիկ տեքստի առաջին պարբերությունը։
-Արսեն ջան, կթողնե՞ս ներս գամ։
-Քեզ ո՞վ ասեց իմ տեղը, ո՞վ ա քեզ ուղարկել։
-Ներս գամ, խոսենք։
-էդ ի՞նչ ա ձեռդ։
-Հեչ, հաց-մաց, միասին ուտենք։
-Արաղ կա՞։
-Հա, մի քիչ կա, երկուսիս կհերիքի։
-Լավ, ստեղ նստի։
-Գիշերն էլ էիր էստե՞ղ։
-Հա, հիմա էս «պադվալում» եմ ապրում, չես տեսնո՞ւմ։ Հը...մի վախեցի. էս մի բաժակը կուլ տուր, որ չվախենաս։
-Չէ, չեմ վախենում, որ վախենայի, չէի գա...
-Որ գոռամ էլ, չես վախենա՞։
-Սպասի, հետո իրար հետ կգոռանք։
-Դու էլ ես գոռո՞ւմ։
-Հա, բա ինչ եմ անում. մեկ-մեկ, որ ներվերս թուլանում ա, մենակ գոռալն ա փրկում։
-Զգույշ մնա քեզ էլ չբռնեն տանեն գժանոց։
-Էս աշխարհը տեղով մեկ գժանոց ա էլի, էլ ուր տանեն։
-Հիմի դու գի՞ժ ես։
-Արդեն չեմ ջոկում, չգիտեմ։
-Սպասի ես հեսա կասեմ. էս պատի հետևն ի՞նչ կա։
-Ես էստեղ, պատի հետևն ընդեղ՝ ինչ իմանամ։
-էսի մեկ։
-Ի՞նչը՝ մեկ։
-Պատասխանդ գժի ա, լավ չես։
-Հա՞։
-Հա. հիմա երկրորդ հարցն ա, բայց ուշադիր լսի. դու որ տնից դուրս ես գալիս, քեզ հետդ վերցնո՞ւմ ես։
-Անկեղծ պատասխանե՞մ։
-Հա, բա ոնց։
-Մեկ-մեկ վերցնում եմ, մեկ-մեկ էլ թողնում եմ տանը։
-Բա որ թողնում ես ինքը ի՞նչ ա անում տանը։
-Երևի լացում ա, չգիտեմ։
-Բա որ գալիս ես, քեզ տեսնում ա, ի՞նչ ա անում։
-Ինքը՝ չգիտեմ, բայց ես ամաչում եմ։ Բայց էս ինչ դժվար հարցեր ես տալիս։ Լավ կլինի՞, ես էլ քեզ տենց հարցեր տամ։
-Սպասի, մի հարց էլ տամ, ասեմ գիժ ես, թե գիժ չես։ Լոտո առնո՞ւմ ես։
-Գի՞ժ եմ, որ լոտո առնեմ։
-Չէ, առնում ես, հետո ես գժվում։ Իմ ներվերը լրիվ լոտոն թուլացրեց, էնքան նստեցի, հաշվեցի, հարյուր հատով էի առնում։
-Բայց քո տված հարցերի ճիշտ պատասխանները կասե՞ս։
-Հա, ասեմ. պատիդ հետևում միշտ թշնամիդ ա, իմացիր, էդ՝ մեկ։ Երկրորդ՝ դու որ տնից դուրս ես գալիս, ոնց ասեմ, էդ դու չես...
-Յա, բա ո՞վ ա, հարևանի կնի՞կը։
-Տես, էլի գժական գնացիր. քո հետ լուրջ եմ խոսում, լսի. մարդը ոչ թե ապրում կամ մեռնում ա էստեղ, այլ այցելում և հեռանում ա։ Ու իրա մարմինն ու հոգին իրար չեն սիրում։ Մարմինը ասենք արաղ ա ուզում կամ աղջիկ, կամ ավտո, բայց հոգին լրիվ ուրիշ բաներ։
-Օրինակ՝ ի՞նչ ա ուզում հոգին։
-Սպասի, թուլացի մի քիչ, շատ ես շտապում է. տենց վռազելով էլ սաղ ներվերդ քայքայել ես։
-Բա ինչ անեմ, որ չշտապեմ. կյանքը կարճ ա։
-Չշտապելու ձևը հենց չշտապելն ա. նայի, որ ուզում ես մի բան հասկանաս, միշտ էլ բառը գրի ու նայի իրա վրա։ Թուղթ ու գրիչ ունե՞ս։
-Հա։
-Ապրես, հիմա ստեղ գրի՝ չշտապել։ Չէ՛, սիրուն ձեռագրով գրի։ Ըհը։ Դե հիմա մի տասը րոպե սրան նայի։ Չխոսաս։ Բառ չասես։
-Վայ. հոգնեցի, հերիք չի՞։
-Հենց շտապեցիր, էլի ես գրելու նայի։
-Դա հորինեցիր, որ հարցերից փախնես չէ՞։
-Չէ՛, էդ ես չեմ հորինել, դա փիլիսոփայություն ա։
-Փիլիսոփայություն էլ ես ուսումնասիրե՞լ։
-Ուսումնասիրել պետք չի, մի բանին որ երկար նայես, դու էլ ամեն ինչ կիմանաս։
-Մի բանի որ նայում ես, ստիպված ինքն էլ քեզ է նայում ու դրա վերջը սերն է։
-Խելառ ես լրիվ. վերջ չկա. էդ հիմարություն ա։
-Բայց սեր կա, չէ՞։
-Հա, կա, բայց սերն էն չի, որ զոռով դեղը լցնեն բերանդ կամ գիշերով քեզ բռնեն կապեն, ավտոն գցեն, գժանոց տանեն հետո էլ ասեն՝ մենք սիրում ենք քեզ։
-էդպես են արե՞լ քեզ...
-Հազար անգամ. հետո էլ ասում են քեզ սիրում ենք, դրա համար ենք անում։
-Դե մտածում են...
-Չեն մտածում է, դատում են. ես իրանց սաղին դրել, հարցերով խեղճացրել եմ ու ապացուցել եմ, որ իրանք են գիժը, ոչ թե՝ ես։
-Երազներ տեսնո՞ւմ ես։
-Հա, լիքը։ Մի բան ասեմ չզարմանաս. ես երեկ երազիս մեջ քեզ տեսել էի։
-Յա, ո՞նց։
-Հա, ինչ հիմա խոսում ես, մենք արդեն սաղ խոսացել ենք, բայց էս շալվարով չէիր, հագդ սպիտակ սիրուն շոր էր ու ձեռիդ էլ կատու կար։
-Վայ, ես կատու չեմ սիրում։
-էլ էդ բանը չասես, կատուն Աստծո թաշկինակն ա...ես երազում տեսել էի, որ թուրքերը կրակելու են մեզ վրա, տեսա՞ր, հետո ոնց կատարվեց, իմ սաղ երազները զգուշացնող են։
-Բա երազներդ ի՞նչ են ասում, Հայաստանի վիճակը լավանալո՞ւ է։
-Նայի, դու հենց մրսում ես, պիտի սաղ շորերդ հանես, որ հետո հագնես, տաքանաս. Հայաստանն էլ պիտի հանվի, նորից հագնվի։
-Դե արդեն տկլոր ա, էլ ոնց տկլրորանա։
-Չէ, հլը տկլոր չի։ Աստված սաղին տկլոր ու հավասար ա ստեղծել, էդի ա, որ շատերը չեն ջոկում։
-Բա ո՞նց ա, որ մեկը սիրուն ա, մեկը տգեղ, մեկը խելոք ա, մեկը անխելք, մեկը աղքատ, մեկը...ավելի աղքատ։
-Ես խորացել եմ էս հարցերի մեջ՝ էդ սաղ ծնողների մեղքերից ա։ Ներքևը կարաս «պախկվես», չարություններ անես, բայց վերևում բռնվում ես ու էդի գալիս հելնում ա էրեխուդ ջանից։ Դրա համար էլ մարդկանց կեսից շատը անասուն են։ Ինձ առաջին անգամ բռնին տարան գժանոց, գիտե՞ս խի։
-Խի՞։
-Ուզում էի ականջներս կտրեմ, որ էդ անասունների ձենը էլ չլսեմ, դրանց էդ հիմար բաները։ Հոգնել էի, էլ չէի դիմանում։ Հետո որ էնտեղ մեկի հետ ծանոթացա, որ ուզել էր ձեռը կտրեր, «ցենտր» տղա էր։
-Բա ինչի՞ էր ուզել ձեռքը կտրել։
-Չեմ նստելու գլխիդ ավետարան կարդամ. էնտեղ գրած ա, երբ պիտի ձեռդ կտրես։
-Հա, հասկացա, գայթակղության համար։
-Ձեր պրոբլեմն էլ էն ա, որ ամեն ինչ ուշ եք հասկանում. մեր ներվերը մինչև չուտեք, չեք հասկանա։
-Վայ, նոր տեսա, նկարո՞ւմ ես։
-Հա, որ եկա էս «պադվալ», սկսեցի նկարել. բայց դե ներկ, բան չկա, տես վրաները գրել եմ կարմիր, կապույտ. սենց մատիտով գրում եմ էլի։ Չեմ կարա դուրս գամ, հենց դուրս եկա, էլի էդ անտերանոցն են տանելու. ո՞վ ա տեսել, մարդուն դեռ չմեռած դժոխք տանեն։
-Դժոխք-դրախտին հավատո՞ւմ ես։
-Հա, բա ոնց, երկուսն էլ կան։
-Այ, օրինակ՝ դրախտն ինչպիսի՞ տեղ ա քո կարծիքով։
-Տենց չես կարա ասես, որովհետև դրախտում էն բաներն են, որ ստեղ վաբշե չկան։
-Հա՞, բայց ուրեմն ահագին տխուր տեղ ա, որ ասենք ինտերնետ չկա կամ ասենք՝ ծաղիկներ։
-Չէ, ծաղիկներ կան. առանց ծառուծաղկի ի՞նչ դրախտ։
-Դե լավ պրծանք. բա ասում էիր...
-Չէ, բնության մասին չէի ասում. բնությունը հենց ամենալավ բանն ա, կենդանիները, հեսա ստեղ ամեն մի կենդանուց մի հատ բերելու եմ պահեմ։
-Նոր տապան ես սարքում, հա՞։
-Հա, զզվեցինք էս հիմար կյանքից, գիտե՞ս, ես արդեն շատ եմ հոգնել։ Սաղ սուտ ա, սաղ. մենակ էս լոտոյին էի հավատում, էն էլ սաղ հաշվարկներս ցույց տվեց, որ էս էլ ա սուտ։
-Լսի, իսկ քո կարծիքով դժոխքում ի՞նչ կա-չկա։
-Էս սաղ տավարները, որ գնան լցվեն էնտեղ, ինչ կարա՞ լինի՝ կոկորդկրծոցի, քցոցի, քաղաքական պոռնկություն։
-Քաղաքականությունը լավ բա՞ն է, թե՞ վատ։
-Քաղաքականությունը մի հատ մեծ սուտ ա, ով կարում ա ավելի լավ ստեր ասի, «պերիոդ» ա ընկնում. նայի, տես էլի, կարո՞ղ ա «տելեվիզր» չունես։
-Ես մի երեք տարի ա, չեմ էլ նայել դրա երեսին. ի՞նչ են ցույց տալիս, որ։
-Իրանց են ցույց տալիս, մեկ էլ սերիալ։
-Ո՞ւմ՝ իրենց։
-Չէ, ստոպ. էլի ֆազդ գցեց. շուտ հարցերին պատասխանի։ Անուն-ազգանուն։
-Վարդուհի Սիմոնյան։
-Աչքերդ ինչ գույնի են։
-Երևի սև, հա՞։
-Ո՛չ, հիշի՝ մուգ շագանակագույն։ Էրեխեքդ հիմա ո՞ւր են։
-Երևի երկնքում։
-Չէ, լսի, դու կարգին պատասխանում ես. դաժե էրեխեքիդ իսկական տեղը գիտես։
-Բա քո էրեխեքը ո՞ւր են։
-...........
-Հը՞։
-Մի հատ կենաց ասա, խմենք։
-Դու ասա։
-Արի խմենք էս նկարիս կենացը. ինքը նոր ա ծնվել, կուրախանա, որ լսի։
-էս բաժակն էլ ա լսո՞ւմ, թե՞ մենակ էս նկարը։
-Բոլորը լսում են, տեսնում են, զգում են, գիտեն...
-Բա որ գիտեն, էլ ինչի՞ ասենք։
-Որ իմանան, որ մենք էլ գիտենք։
-Դուրս է գալիս, էս եղածի միջից ամենահիմարը մա՞րդն է։
-Մարդ չկա վաղուց, մարդիկ մեռել են, նրանց տեղը հիմա մարդանման գազաններն են, որ մնացած բոլորին ուտում են. ես միս չեմ ուտում, գիտե՞ս. ինձ գժվացնում ա միսը, հենց ուտում եմ, վատանում եմ։
-Մարդը կպատժվի, այսպես չի մնա. էն օրը կարդացի, որ բոլոր մարդիկ մի որոշ ժամանակ անց խելագարվելու են, որովհետև կերել են ամբողջ բուսականությունն ու կենդանական աշխարհը և բնության հավասարակշռությունը խախտելու պատճառով կորցնելու են բանականությունը։
-Այ, էդ լավ ա. կապրեն մենակ սրտով, խելքը սատանան ա աշխատացնում, իսկ սիրտը՝ Աստված։
-Բայց ի՞նչն ա լավ, պատկերացրու, որ մարդու խելքը չի հասնելու, որ ժամանակին անգամ զուգարան գնա։
-Սպասի, ստեղ նորից գրի՝ չշտապել։
-Բայց ինչ է, սխալ բան ասեցի՞։
-Հա գրի։
-Լավ։ Դե որ ինձ էլի տասը րոպե ձայնազուրկ սարքեցիր, գոնե մի լավ բան պատմի լսեմ։
-Լավ ու վատ բաներ չկան։ Ամեն ինչն էլ համ լավ է, համ՝ վատ։ Համ սիրուն, համ՝ գեշ։Համ՝ համով, համ՝ անհամ։ Դու դրանք հիմա չես ջոկի, որովհետև իմ պես գիշերը սառնամանիքին ծառի տակ չես քնել, բրիտվով չես փրթել քեզ, զիբիլից հաց չես վերցրել ու կերել։ Հասկացա՞ր։
-Մի բան ասեմ, էլի, իսկ ի՞նչ գիտես, որ ես էդ ամենը չեմ արել և միգուցե դրանից ավելին, հը՞։
-Հա՞։
-Լսի, մենք ամեն օր մեռնում ու հետ ենք գալիս, գժվում ու խելոքանում ենք, ընկնում ենք դժոխք, հետո դրախտ, հետո էլի դժոխք, այդպես չի՞։
-Նայի, ես հենց էդ եմ նկարել. էս թիթեռը տես, սա ես եմ, հետո կարիճ եմ դառնում, հեսա, ստեղ՝ արդեն ծառ, էս ներքևի զիբիլը տեսա՞ր, էս էլ եմ ես։ Ու սենց գնում եմ. բա դրա համար եմ ասում վերջ չկա։ Դու էլ հետո տենց կդառնաս, դու հլը մարդ ես իբր. բայց մարդ չես։
-Բա ի՞նչ եմ։
-Կեսիդ կեսն ա մարդ, մնացածը ամեն կենդանուց էլ կաս։
-Բա ի՞նչ անեմ, որ գոնե կիսով չափ մարդ դառնամ։
-Հիմար բաներ մի արա, մարմինդ քնացրու, իսկ հոգիդ ծտի պես բաց թող, տես ուր ա գնում, դու էլ գնա նրա ետևից, իմացա՞ր։
-Դե արի դուրս գանք էստեղից ու երկուսով փորձենք քո էդ ասածը։
-Բայց պիտի իմ հրահանգները կատարես, նայի։
-Հա, խոստանում եմ։
-Փակի աչքերդ. այդպես։ Դե հիմա փակ աչքերով նայի երկնքին. իսկ հիմա շունչդ պահի, տասը հաշվի մտքումդ, դե թող մարմինդ, շպրտի, մեկ, երկու, երեք...հիմա տես, ուր է տանում սիրտդ քեզ ու գնա, ոչ մի բան մի մտածի, ոչ մի բան...
-Ախր չեմ կարող ոչ մի բան չմտածել, չի լինում լրիվ անջատվել, վերանալ...
-Լսի, դու լրիվ գիժ ես, իզուր էլ քո հետ էսքան գլուխ դրի։ Ես թռա՜ տուն։
Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի










