Մեր ապագան լավ երիտասարդության ձեռքում է, օգնե´նք, որ մեզ գերազանցեն. գեներալ Մուրազ Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ով 30 տարի ծառայել է խորհրդային բանակում և արդեն 22 տարի Հայոց բանակում, մինչ 2008 թիվը եղել է ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստվածության վարչության պետ և այսօր զբաղվում է դպրոցներում ռազմական կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերով: Tert.am-ի հետ զրույցում ներկայացնելով իր տեսակետը նոր սերնդի և՛ մարտական պատրաստվածության, և´ ռազմահայրենասիրական ոգու մասին, նա ասում է, որ, նոր սերունդն ավելի լավ սերունդ է, ավելի խելոք, գրագետ և մեզնից էլ շատ նվիրված: «Մեր ապագան լավ երիտասարդության ձեռքում է, մենք էլ պետք է օգնենք իրենց, որպեսզի իրենք ճիշտ ճանապարհ ընտրեն, ամեն ինչով պետք է գերազանցեն մեզ»,– ասում է նա:
-Պարո՛ն գեներալ, ավելի քան 50 տարի զինվորական ծառայության մեջ եք: Կա՞ ինչ-որ բան ձեր կյանքում, որ կցանկանայիք այլ կերպ դարձնել:
-1962 թվից ես սկսել եմ ծառայությունը Խորհրդային միության բանակում, սովորել եմ Թբիլիսիի ուսումնարանում որպես հրետանավոր: Ծառայել եմ հեռավոր Արևելքում, Լեհաստանում, կրթությունս շարունակել եմ Մոսկվայի ակադեմիայում, այնուհետև ծառայել եմ Թեոդոսիայում, Մոլդովայում և այլն: Երբ տեղեկացա, որ մեր հայրենիքի սահմանները վտանգի տակ են, ես իմ ցանկությամբ տեղափոխվեցի Հայոց բանակ: 30 տարի ծառայել եմ խորհրդային բանակում և չեմ կարող ասել, որ դժգոհ եմ կամ իմ անցած ճանապարհը համարում եմ սխալ: Տեսել եմ և լավը, և վատը: Ցավալի էր, որ եկել եմ այստեղ և պատերազմ է սկսվել, բայց ինձ համար անսովոր չի եղել, քանի որ ես կարողացել եմ օգտագործել խորհրդային միության բանակում ստացած գիտելիքներս: Հայոց բանակի հիմնադիրներից մեկն եմ, տարիներ շարունակ զբաղվել եմ Զինված ուժերի մարտական պատրաստվածությամբ: Մենք կարողացանք և՛ պատերազմում հաղթել, և՛ զուգահեռ բանակաշինությամբ զբաղվել: Եվ մինչև հիմա այդ գործընթացը շարունակվում է: Մենք բավականին փոփոխություններ ենք մտցրել գրականության մեջ, բառարաններ ենք ստեղծել, ամեն ինչի հիմքը դրել ենք: Մենք չունեինք ռազմական ուսումնարաններ, բայց ամեն ինչ ստեղծել ենք:
Ես հպարտ եմ, որ ծառայում եմ: Ես երբեք չեմ մտածելու, թե ինչու այդ քայլին գնացի: Հիմա էլ, որ հնարավորություն լիներ մի հիսուն տարի ետ գնալ, նորից կսկսեի շարքայինից: Հիմա էլ սահմաններին եթե մի բան լինի, բնականաբար, տանը չենք նստելու: Եթե ես սխալ գործած լինեի, իմ տղան նույնպես չէր ծառայի առաջնագծում:
-Դո՞ւք եք ուղղորդել Ձեր տղային մասնագիտության ընտրության հարցում:
-Երբ ես խորհրդային բանակում էի, իմ տղան ևս որոշեց ծառայել: Նա էլ 1992թ.-ից Հայոց բանակում է: Ինքը ծառայում է, իր կինը ծառայում է, փեսաս ծառայում է: Ընտանիքից է, և հիմա թոռներիցս միակ տղան ևս ռազմական ուղղությամբ է գնում: Նա մեր ապագա սպան է դառնալու: Իմ ընկերներն ինձ շատ են ասել՝ մի տղա թոռ ունես ու զինվորական ես դարձնում, բայց տղան զինվորականի ընտանիքում է մեծացել և ինքն է որոշել զինվորական դառնալ: Իմ հայրը, եղբայրներն էլ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, պապերս ևս մասնակցություն են ունեցել հայրենիքի պաշտպանության գործում: Փաստորեն դա մեր արյան մեջ է:
-Դուք այսօր լուրջ դեր ունեք նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այդ առումով, որքանո՞վ է նոր սերունդն արժեվորում հայրենիք հասկացությունը:
- Երբ իմ 65 տարին լրացավ, ինձ 2008թ.-ին պահեստազոր ուղարկեցին և հանձնարարեցին դպրոցներում զբաղվել նախնական զինվորական պատրաստության աշխատանքներով: 1992 թվականից մենք վերականգնեցինք այդ առարկայի դասավանդումը դպրոցներում: Իհարկե, սկզբում կային դժվարություններ, մարդիկ մատերի արանքով էին նայում առարկային, դասարանները համապատասխան կահավորում չունեին: Բայց հիմա 86-90 տոկոսով բոլոր դպրոցներն ապահոված են համապատասխան գույքով: Բայց դա էլ դեռ քիչ է, մենք ազգովի պետք է շրջվենք դեպի դպրոցը, մեր ապագան դպրոցն է:
Ես կասեմ, որ մեր սերունդ ավելի լավ սերունդ է, ավելի խելոք, գրագետ և մեզնից էլ շատ նվիրված: Այսքան տարի մեր սահմանները պահում են մեր 18-20 տարեկան զինվորները: Ես պլանավորում եմ շուտով գնալ Պաշտպանական բանակ և այն տղաներին, ովքեր մասնակցել են վերջին շրջանի դիվերսիաներին, շնորհել Հունան Ավետիսյանի անվան մեդալ, այդ բոլոր տղաները Հունաններ են: Կամ երբ են մեր պատանիներն այդքան հաղթանակներ տարել միջազգային մրցումներում, որքան հիմա: Այս տարվա տանկային բիաթլոնը, որտեղ մեր զինվորները երկրորդ տեղը գրավեցին, ես համարում եմ հաղթանակ: Մեր զինվորներն ու սպաները ցույց են տվել, որ մենք փոքր ազգ ենք, նորաստեղծ բանակ ենք, բայց մեր զինվորներն ու սպաները կարողանում են լուծել իրենց առջև դրված խնդիրները: Դա ցույց տվեցին նաև այս օգոստոսի իրադարձությունները, երբ չհայտարարված պատերազմում մեր զինվորները հակառակորդի ոտնձգություններին այնպիսի հակահարված տվեցին, որ վերջինս մի քանի անգամ ավելի շատ զոհ տվեց:
Ես ուղղակի չեմ սիրում, որ մեր հայ ոգու մեջ քննադատողական տարր կա: Դա է մեզ դավաճանում: Ցանկացած մարդ քննադատելուց առաջ պետք է մի հատ իրեն նայի: Այն մարդը, ով ցանկություն ունի ինչ-որ բան անելու, կանի:
-Այսինքն՝ ապագան վստահո՞ւմ եք նոր սերնդին, կարող են հարկ եղած դեպքում անել այն, ինչ ժամանակին արել է Ձեր սերունդը:
-Իհարկե, կարող են: Միգուցե, ես էլ եմ դժգոհ որոշ քաղաքացիներից, բայց չեմ հայտարարում այդ մասին: Եկեք իրար դաստիարակենք: Բողոքում են, թե քաղաքը մաքուր չէ, բայց փողոցով քայլելիս մեկ էլ կտեսնենք, որ ծխախոտը ծխում են և գցում գետնին: Մի գեներալ տեսավ, որ ես մոտենում եմ, ծխախոտը գցեց, մոտեցա ու ցույց տվեցի աղբամանի տեղը, նա էլ լուռ գնաց, վերցրեց գետնից ծխախոտը և նետեց աղբամանը: Օրինակ ծառայեց այնտեղ հավաքված բոլոր մարդկանց համար:
Մեր ապագան լավ երիտասարդության ձեռքում է, մենք էլ պետք է օգնենք իրենց, որպեսզի իրենք ճիշտ ճանապարհ ընտրեն, ամեն ինչով պետք է գերազանցեն մեզ:
-Իսկ այդ երիտասարդության շրջանում հիասթափություն չե՞ք նկատում, երբ նրանք բախվում են ինչ-որ անարդարությունների, ինչի մասին շատ է խոսվում, օրինակ՝ նույն բանակում ծառայելու հետ կապված:
-Իմ տղան գեներալի տղա է, 19 տարի եղել է առաջին գծում: Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի տղաները կարո՞ղ է ուրիշ տեղ են ծառայել: Աշխարհում չկա նման անտառ, որ բոլոր ծառերը հավասար լինեն, իրար նման լինեն և այլն: Դա բնության օրենք է, ամեն ինչ էլ կլինի, բայց եկեք չհետևենք, թե ով ինչ է անում: Անարդարություն միշտ էլ եղել է: Խորհրդային բանակում բոլորը զարմանում էին, թե ինչպես է ինձ մոտ կարգ ու կանոն լինում: Ես այն ժամանակ էլ չեմ տեսել, որ գրադարանի տնօրենի կամ մեծահարուստի երեխա ծառայի բանակում: Հիմա էլ չեմ էլ փնտրում նման մարդկանց: Թող տվյալ ծնողը մտածի այդ մասին, քանի որ նման վերաբերմունքը դավաճանություն է երեխայի նկատմամբ: Չի կարելի բոլորին մի պիտակ կպցնել:
-Այսօր շատ է շահարկվում նաև Արցախյան ազատամարտին մասնակցել չմասնակցելու հարցը: Ի վերջո ովքե՞ր կռվեցին և ովքե՞ր հերոսացան:
-Նման հարցեր քննարկում են այն մարդիկ, որոնք չգիտեն ինչ են արել: Այն ժամանակ ո՞վ էր մտածում, թե հրաման է պետք պատերազմ գնալու համար, ո՞վ էր ցուցակի մասին մտածում: Ինձ, որպես գեներալ, այդ խառը պահերին չէին հրամանագրել: Ես էլ էմ հանդիպել մարդկանց, ովքեր ասում են, որ կռվել են, բայց երբ մի քանի հարցեր եմ տալիս, պարզվում է, թե ոչ մի բան չեն հիշում: Իհարկե, նման մարդիկ կան, որոնք չեն կռվել, բայց ասում են, որ կռվել են, իսկ իսկական կռվողները երբեք չեն ասում, որ կռվել են: Գորիսի գյուղերից մեկում մի տղա վիրավորվում է կռվի ժամանակ, վերջերս տեսել եմ, 12 հոգով ապրում է նույն գոմում, որի պատերի տակ էին պատսպարվում մեր տղաները: 12 տարի լուռ ապրում է: Իհարկե, դիմել եմ իշխանություններին, որպեսզի նրա հարցը լուծվի:
-Այսօր Հայոց բանակում ի՞նչ թերություններ եք տեսնում:
-Իրական զինվորականը չի կարող ասել, որ բանակում թերություններ չկան, իհարկե կան, բայց դրանք բոլորը պետք ի հայտ բերվեն և վերացվեն: Մենք առաջ ենք շարժվում ամեն ինչում: Ուղղակի հարկավոր է, որ ազգովի բանակը պահենք մեր բռի մեջ: Մեր բանակի նման շատ քիչ բանակներ են ծնվում: Մենք պետք է պարծենանք մեր բանակով և լինենք բանակի թիկունքին կանգնած:
-Որպես փորձառու զինվորական, ի՞նչ խորհուրդ ունեք այսօր սահմանին կանգնած հրամանատարին, սպային ու զինվորին:
-Այն հրամանները, որոնք կան պաշտպանության նախարարի և Գլխավոր շտապի կողմից արձակված, բոլորը պետք է կատարեն, այդ ամենը բոլորի համար պետք է լինի աքսիոմ, այլ ոչ թեորեմ: Հաջորդը՝ մարտի ժամանակ վստահ լինեն իրենց ուժերի և զենքի վրա և հիշեն, որ ժողովուրդը կանգնած է իրենց թիկունքին:










