Գերմանիայում ապաստան փնտրողները բռնության են ենթարկվում ապաստարանի անվտանգության աշխատակիցների կողմից (լուսանկար)

11:31 • 29.09.14

Deutsche Welle-ն հրապարակել է լուսանկար, որում փախստականների ապաստարանի անվտանգության աշխատակիցները փախստականին ձեռնաշղթաներով պառկեցրել են գետնին, նրանցից մեկը ոտքով սեղմում է տղամարդու կոկորդը, երկու աշխատողներն էլ ժպտում են:

 

Թվում է, թե այս լուսանկարը դաժանությամբ հայտնի Գուանտանամոյի կամ Իրաքում գտնվող Աբու Ղարիբ բանտից է, սակայն իրականում այն Գերմանիայի արևմտյան հատվածում գտնվող Բուրբախի փախստականների ապաստարանից է, գրում է աղբյուրը:

 

Անվտանգության աշխատակիցներն ու պահակները բռնությունների, խոշտանգումների, ծաղրի և անմարդկային վերաբերմունքի են արժանացրել ապաստարանի փախստականներին:

 

Բջջայինով արված լուսանկարները հրապարակել է ոստիկանությունը, ընդ որում նշվում է, որ կան նաև անհանգստացնող դաժանություն պարունակող տեսանյութեր:

 

Միջադեպի մասին տեղեկացած մի շարք մարդիկ զուգահեռներ են անցկացրել ապաստարանում կատարված դեպքի և ամերիկյան զինվորների կողմից 2004-ին Իրաքի Աբու Ղարիբ բանտում կալանավորներին խոշտանգումների ենթարկելու և նրանց արժանապատվությունը ոտնահարող լուսանկարներ անելու միջև:

 

Զիգեն քաղաքի ավագ դատախազն ասել է, որ անչափ անհանգստացնող է, երբ մարդիկ այլ երկրներից գալիս են Գերմանիա՝ ապահով ապաստան փնտրելու նպատակով, և նման անմարդկային իրավիճակում են հայտնվում:

 

Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության` ընթացիկ տարում ավելի քան 65.000 փախստական է այցելել Գերմանիա, որոնք հիմնականում պատերազմական գործողություններում գտնվող երկրներից են:

 

Դեպքի կապակցությամբ Գերմանիայի ոստիկանությունը գործ է հարուցել և զբաղվում է նոր ապացույցների և նմանատիպ այլ դեպքերի բացահայտմամբ:

Gewalt auf Flüchtlinge

Gewalt auf Flüchtlinge