Հանգստացեք, նման նախադեպեր շատ ենք ունեցել. ԲՀԿ պատգամավորների նախագծի քվեարկությունը ԱԺ-ում խառնաշփոթ առաջացրեց
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորական խմբի կողմից ներկայացված «Արտոնագրային վճարումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունն իսկական խառնաշփոթ առաջացրեց ԱԺ-ում:
ԱԺ մեծամասնության 6 պատգամավորներ կողմ էին քվեարկել նախագծին, ինչ արդյունքում նախագիծն ընդունվում էր: ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն, տեսնելով խմբակցության ոչ միասնական քվեարկությունը, պահանջեց վերաքվեարկություն ձևակերպել, քանի որ տեխնիկական խնդիր կա:
Սակայն դահլիճում աղմուկ բարձրացավ, և նախագիծը ընդունվելու հնարավորությունը նույնիսկ ծափահարություններով ընդունվեց:
«Զարմանում եմ, որ նման փոքր հնարավորությունից կարելի է ուրախանալ, եթե նման բաներ կա, ասեք՝ հաճախակի անենք, ծափահարելը որն է, կանենք հաճախակի»,-ասաց ԱԺ նախագահը:
ԱԺ փոխնախագահը, ի պատասխան դահլիճից հնչող հավաստիացումների, պնդեց, որ նախագիծն ամեն դեպքում չի անցել:
Վարման կարով ձայն խնդրեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը. «Հարգելի նիստը նախագահող, խնդրում եմ հիմնավորեք կրկնակի քվեարկությունը»:
Շարմազանովը հիմնավորեց. «Ձեր խմբակցությունից երկու հոգի սխալ է քվեարկել, մեր խմբակցությունից՝ 4 հոգի, դրա համար՝ վերաքվեարկություն»:
Ձայն խնդրեց նաև ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը և պահանջեց հղում անել ԱԺ կանոնակարգին, թե որտեղ կա սխալ քվեարկություն տերմինը:
ԱԺ նախագահը նշեց, թե ինքը կարող է հղում անել և հավելեց, որ նիստը նախագահողը պետք է ապահովի ԱԺ բնականոն աշխատանքը: «Իսկ քանի որ չի աշխատել սարքավորումը, մենք նորից ենք քվեարկում: Եվ հետո նախագիծն այսպես թե այնպես չէր անցել, ինչո՞ւմն է խնդիրը, չեմ հասկանում»,-ասաց նա:
Նիստը նախագահողները ստիպված էին մի քանի անգամ լռություն պահանջել: «Հանգստացեք, նման նախադեպեր շատ ենք ունեցել, ասում ենք ՝սարքավորումը չի աշխատել»,-ասաց ԱԺ նախագահը և հայտարարեց վերաքվեարկություն:
«Կողմ 39, դեմ 62, 3 ձեռնպահ, որոշումը չի անցել: Պարոն Սեդրակյանի տեխնիկական կոճակը չի աշխատել, խնդրում եմ նորից քվեարկեք»,- ծիծաղելով արդյունքներն ամփոփեց ԱԺ փոխնախագահը և հանգստության կոչ արեց։
Երբ քվեարկության դրվեց հաջորդ նախագիծը, վարման կարգով ձայն խնդրեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և կրկին իրենց նախագծից հարց ուղղեց. «Պարո՛ն Շարմազանով, խոսք գնաց սխալի մասին, սխալը քաղաքակա՞ն էր, թե՞ տեխնիկական: Հազիվ մեկ անգամ ակամայից մի լավ բան արեցիք, անմիջապես չեզոքացրեցիք, ուզում եմ՝ պարզաբանեք»,-ասաց նա և հավելեց, թե պատգամավորների՝ նման քանակով սխալ քվեարկությունը պատահական սխալ չէր լինի, քանի որ մարդիկ փորձառություն ունեն:
Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, թե սխալը տեխնիկական էր:










