Մարգվելաշվիլին և Էրդողանն ընդգծել են վրաց-թուրք-ադրբեջանական նախագծերի իրականացման կարևորությունը

12:31 • 29.09.14

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է apsny.ge-ն:

 

Մարգվելաշվիլին և Էրդողանը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

 

Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Վրաստանի` Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրմանը: Հանդիպմանը երկու երկրների առաջնորդները քննարկել են քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային հարաբերությունները և ուշադրությունը կենտրոնացրել եռակողմ համագործակցության խորացման հեռանկարների վրա:

 

«Իմ թուրք գործընկերոջ հետ ես խոսել եմ տարածաշրջանային անվտանգության հարցերի, վրաց-թուրքական հարաբերությունների խորացման, վրաց-թուրք-ադրբեջանական նախագծերի իրականացման կարևորության մասին: Մենք քննարկել ենք սկսված նախագծերի շարունակությունը, որոնք իսկապես կարևոր նախապայման են կայունության և շրջանի զարգացման համար: Մենք քննարկել ենք նաև անվտանգության հարցերը, որոնք առաջացել էին Ուկրաինայի իրավիճակի պատճառով»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: