«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե» թերթն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու ոչնչացմանը
Սեպտեմբերի 24-ի համարում «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե» թերթն անդրադարձել է
Սրբոց Նահատակաց եկեղեցու ոչնչացմանը
Պարբերականը նշում է, որ հայերի համար սիրիական Դեյր էլ Զոր քաղաքը նույն նշանակությունն ունի, ինչ հրեաների համար Օսվենցիմը: 1915-16թթ. Եփրատ գետի երկայնքով, հարյուր հազարավոր հայեր, որոնք ըստ երիտթուրքերի պաշտոնական ձևակերպման Թուրքիայից «տեղահանվել» և փրկվել էին, իրականում բաց համակենտրոնացման ճամբարում սպանվել կամ սովի են մատնվել:
««Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող եկեղեցին» վկայում էր հայոց պատմության դժնդակ էջերի մասին: Եկեղեցին ոգեկոչման վայր էր, թանգարան և այն ժամանակ սպանված անթիվ հայերի աճյունների վերջին հանգրվան»,– գրում է թերթը։
Պարբերականը հիշեցնում է, որ եկեղեցին հուշակոթող էր, որովհետև այն այլևս գոյություն չունի: «Իսլամական պետության» բարբարոսներն այն պայթեցրել են: Հայաստանի Հանրապետության Նախագահը և արտաքին գործերի նախարարը խստորեն դատապարտել են այս բարբարոսական գործողությունը: Հայ ժողովրդի ամենակարևոր հուշակոթողներից մեկը գետնին է հավասարեցվել: Ջիհադիստները հարգանք չեն ցուցաբերում ոչ միայն քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ, վերջերս Մոսուլում նրանք պայթեցրել են մահմեդական միստիկների` սուֆիների կողմից պաշտվող Հովնան մարգարեի տապանաքարը, այնուհետև` եզդիների սրբատեղիները:
«Դեռևս ապրիլին «Իսլամական պետությունը» գրավել էր Քեսաբ քաղաքը և
ավերել այն: Այն գտնվում է առասպելական Մուսա լեռից հարավ` Թուրքիայի
սահմանին. որտեղ մեծամասամբ Ցեղասպանությունից փրկված հայեր էին ապրում:
Սակայն Դեյր Էլ Զորի եկեղեցու պայթեցումը հայերի համար անհամեմատ ավելի
ցավոտ է: Ամեն տարի ապրիլի 24-ին այնտեղ հավաքվում են հայեր աշխարհի
տարբեր անկյուններից` ոգեկոչելու Ցեղասպանության օրը: Հաջորդ տարի, երբ
նշվելու է Ցեղասպանության 100-ամյակը, Դեյր Էլ Զորում այն այլևս չի
ոգեկոչվի»,– գրում է թերթը:










