«Իսլամական պետության» շարքերում տասնյակ ռուսներ կան. ՌԴ փոխարտգործնախարար

11:55 • 29.09.14

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը ենթադրություն է հայտնել, որ Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների շարքերում Ռուսաստանի տասնյակ քաղաքացիներ կան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Խմբավորման անդամները հմտություններ և պատրաստություններ են ձեռք բերում գրոհայինների հսկողության տակ գտնվող տարածքներում, ինչից հետո վտանգ են դառնում իրենց երկրների համար, հավելել է նա:

 

Արևմտյան փորձագետները կարծում են, որ Ռուսաստանից և նախկին Խորհրդային միությունից գրոհայինների շարքերում գտնվողների թիվը կարող է շատ ավելին լինել՝ մի քանի հարյուր:

 

Անցած շաբաթ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն «Իսլամական պետության» ընդհանուր թիվը գնահատել է 30-ից 50 հազար: Նա ընդգծել է, որ գրոհայինների շարքերը համալրվում են տարբեր պետություններից, այդ թվում և ԱՊՀ երկրներից իսլամիստ ծայրահեղականների հաշվին:

 

Հունիս ամսվա զեկույցում Soufan Group հետազոտական ընկերությունն «Իսլամական պետությունում» ռուսների թիվը գնահատել է մի քանի հարյուր:

 

Նույն գնահատականն առանց կոնկրետ թիվ նշելու ներկայացրել է նաև «Ծայրահեղականության ուսումնասիրման միջազգային կենտրոնը»: