Ժիրինովսկին գրականության դաս է անցկացրել Բաքվում
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Բաքու կատարած այցի շրջանակում այցելել է ռուսալեզու դպրոցներից մեկը, որտեղ գրականության դաս է անցկացրել 6-րդ դասարանի աշակերտների համար, գրում է ДНИ.ru-ն:
Նա պատմել է աշակերտներին, թե որոնք են ռուսական անունները և վերլուծել է Տուրգենևի «Մումու» պատմվածքը: Աշակերտուհիներից մեկն ասել է, որ խղճում է Գերասիմին, քանի որ նա ոչ ոք չուներ:
«Եվ հիմա ինչ, սկսենք խղճա՞լ նրան: Ահա նա ոչ ոք չունի, և դուք խղճում եք նրան: Շունը նույնպես լքված է, և դուք խղճում եք: Չի՛ կարելի դժբախտությունը դարձնել գլխավորը կյանքում: Այո, ոմանք սովորում են ինչ-որ կատակոմբաներում կամ խորդանոցներում, և հիմա ինչ, դուք պետք է թողնեք այս լավ դպրոցը և խղճա՞ք նրանց: Պետք է մտածել, որպեսզի նրանց համար էլ լավ լինի»,- իր կարծիքն է հայտնել Ժիրինովսկին:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Ժիրինովսկուն Ադրբեջանում ընդունել է նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Նրանք ավելի քան 2 ժամ խոսել են, քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունները և դրանց զարգացումը, ինչպես նաև իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում:
Ադրբեջանի հասցեին նախկինում շատ կտրուկ և բացասական արտահայտվող Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին նաև Բաքվում հայտարարել է, թե «Ադրբեջանը հիանալի երկիր է, որը լավ զարգանում է»:










