Այսօր սկսվում է ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը

13:00 • 29.09.14

Ստրասբուրգում իր աշխատանքն է սկսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Ինչպես նշված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում, նստաշրջանը կշարունակվի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը:

 

Աշխատանքային առաջին օրը հայտարարությամբ հանդես կգա կառույցի նախագահը, այնուհետ նախատեսվում է փոփոխություններ կատարել հանձնաժողովների կազմերում: Կներկայացվի նաև Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության մասին հաշվետվություն, Թուրքիայում նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույց:

 

Նստաշրջանի առաջին օրը կքննարկվեն ուկրաինական ճգնաժամը, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման վտանգները:

 

Հոկտեմբերի 2-ին ելույթ կունենա և նստաշրջանի մասնակիցների հարցերին կպատասխանի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Էլմար Մահմեդյարովը:

 

Աշնանային նստաշրջանին նաև կկայանա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրությունը, կշնորհվի Վացլավ Հավելի մրցանակը մարդու իրավունքների պաշտպանության համար, կհայտարարվեն Վրաստանում և Ալբանիայում մոնիթորինգների արդյունքները: