Տոնավաճառների աշխատողները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի դիմաց (թարմացված)

12:07 • 29.09.14

12.28


ԱԺ-ի դիմաց հավաքված 100-ից ավելի առևտրականները սպասում են, որ խորհրդարանից որևէ խմբակցության պատգամավոր կիջնի ու որևէ բան կասի: Նրանցից մեկն ասաց, որ իրենք արհամարհված են բոլորի կողմից, ավելին՝ վիրավորված, որ որևէ մեկը չի իջնում խորհրդարանից իրենց պահանջը լսելու:


Նշենք, որ այսօր Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան:
 



Նախորդ շաբաթվա ընթացքում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ Կառավարության շենքի դիմաց իրենց դժգոհությունը հայտնած տարբեր տոնավաճառների աշխատողները այսօր առավոտից Ազգային ժողովի դիմաց են հավաքվել և պահանջում են օրենքը հետ կանչել, քննարկել իրենց պահանջները և հետո միայն օրենքն ուժի մեջ մտնի:


Ակցիայի մասնակիցները այս պահին տեղափոխվել են խորհրդարանի Դ.Դեմիրճյանի փողոցի կողմի մուտքի մոտ, որտեղից ԱԺ են մուտք գործում պատգամավորները:


Ակցիայի մասնակիցները նշում են, որ մտադրություն չունեն միանալու որևէ քաղաքական ուժի, քանի որ իրենց համար կարևոր է՝ հարցը լուծում ստանա, հակառակ դեպքում սպառնում են ներկայիս գործադուլը վերածել նստացույցի, անգամ հացադուլի:


Նշենք, որ այսօր բողոքի ակցիայի մասնակիցները տեղեկացրին, որ այսօրվա ակցիային չեն մասնակցում Մալաթիա տոնավաճառի, «Ոսկու շուկայի» աշխատողները, քանի որ նրանց վախեցրել են տոնավաճառների սեփականատերերը: