ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնը լքող Ռասմուսենը Ռուսաստանը «գլխավոր հիասթափություն» է անվանել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը լքող Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանի պահվածքն անվանել է իր «գլխավոր հիասթափությունը» վերջին 5 տարվա ընթացքում: Այդ մասին նա նշել է The Independent պարբերականի համար գրած հոդվածում, փոխանցում է Газета-ն:
Ռասմուսենը գլխավորել է ՆԱՏՕ-ն 2009-ի օգոստոսին: Չորեքշաբթի նրան այդ պաշտոնում կփոխարինի նորվեգացի Ենս Սթոլթենբերգը:
Ռասմուսենի խոսքով՝ ժամանակակից աշխարհը տարբերվոմ է հինգ տարի առաջ եղած աշխարհից: «Հարցերը, որոնց մենք բախվել ենք, ավելի ծավալուն և բարդ են, քան «սառը պատերազմի» ավարտից հետո երբևէ»,- գրում է Ռասմուսենը:
Նա կարծում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ավելի սերտ համագործակցություն հաստատի գործընկերների հետ ամբողջ աշխարհում, որպեսզի պահպանի կանոնների համակարգի վրա հիմնված համաշխարհային կարգը:
Առավել լուրջ վտանգներից Ռասմուսենը նշել է «Իսլամական պետություն» խմբավորումը: «Նման խմբավորումների հետ երկխոսություն չի կարող լինել»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծիք է հայտնել, որ Մոսկվան ձգտում է խանգարել իր հարևաններին սեփական ուղին ընտրելու հարցում, քանի որ ցանկանում է վերականգնել իր ազդեցության ոլորտը: Ռասմուսենի կարծիքով՝ Ռուսաստանը դիտարկում է ՆԱՏՕ-ին ոչ թե որպես գործընկեր, այլ որպես հակառակորդ:










