Բնակիչները Հրազդանի հունը աղբատար են դարձրել, դրա համար Սևանից ջուր բաց թողնելիս գետը վարարում է. Սամվել Հովհաննիսյան
Երեկ Հրազդան գետը վարարել է ո'չ թե այն պատճառով, որ Սևանից շատ է ջուր բաց թողնվում, այլ` որ բնակչությունը գետի հունը աղբատար է դարձրել, և բացթողումների ժամանակ հեղեղ է առաջանում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սևան-Հրազդան» ջրառ ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը՝ նշելով, որ սովորաբար Սևանից ջուրը բաց են թողնում ջրանցքի միջոցով, որը ներկայումս վերանորոգվում է:
«Մենք Սևանից դեռ 1 մլն խմ ջուր վերցնելու իրավունք ունենք, ավել ջուր բաց չենք թողել: Մի խնդիր էլ կա. մարդիկ գետի հունի մոտ տներ կամ գոմեր են սարքել, գետի հորիզոնը, որ բարձրանում է հողի տակից, քաշում է տուն, ոչ թե վերևից է լցվում: Մենք նախապես բոլորին տեղեկացրել էինք, որ Հրազդանով ենք ջուր բաց թողնելու»,-ասաց նա:
Նշենք, որ երեկ` ժամը 17.53-ին, ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևներից Հրազդան գետը դուրս է եկել հունից և վնասել Դդմաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի այգին: Պարզվել է, որ սեպտեմբերի 27-ին, ժամը` 18.00-ից, Սևանա լճից բաց է թողնվել 6 խ.մ/վ ջուր, իսկ ժ.15:00-ից՝ 8 խ.մ/վ ջուր, ինչից գետը վարարել է ևվ նասել Վ. Ղ.-ի 1200 քմ բանջարաբոստանային կուլտուրան:
Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ, սովորաբար, նման խնդիրներն առաջանում են գարնանը, սակայն աշնանացանի հետ կապված` առաջացել է աշնանը ջուր բաց թողնելու պահանջ:
«Մարդ ենք ուղարկել՝ նայի, եթե խնդիրը լուրջ լինի, ստիպված կլինենք փակենլ, որ այլևս ջուրը Հրազդանով չգնա դեպի ցանքատարածություններ»,-ասաց նա:










