Նիդեռլանդներում ավտոշոուի ժամանակ հսկայական մեքենան մխրճվել է հանդիսատեսի բազմության մեջ (տեսանյութ)
Հոլանդական Հաաքսբերգեն քաղաքում սեպտեմբերի 29-ին անցկացված ավտոշոուի ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ է զոհվել: Ոստիկանության տվյալներով՝ ևս 18-ը վնասվածքներ են ստացել, ընդ որում՝ նրանցից վեցը ծանր վիճակում է, հաղորդում է korrespondent.net-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ հսկայական անիվներով մեքենայի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը մի շարք ջարդուփշուր եղած ավտոմեքենաների վրայով թռչելու հնարքից հետո: Դրա հետևանքով այն հարվածել է ցանկապատին և բախվել այդտեղ կանգնած հանդիսատեսին:
Ինչպես պատմել է ավտոշոուի կազմակերպիչներից Գեերլոֆ Կանիսը, դեպքի հնարավոր պատճառ կարող էր լինել արգելակների անսարքությունը:










