Տոկիոյում ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել

10:38 • 29.09.14

Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 26-ին ընդունելություն է կազմակերպել, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:


Տոկիոյի «Հոթել Օկուրա» հյուրանոցի սրահում հյուրընկալվել են ավելի քան 250 հյուրեր՝ Ճապոնիայի խորհրդարանի, կառավարության, պետական այլ կառույցների, գործակալությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ճապոնիա-Հայաստան ընկերակցության, ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, գործարարներ, համալսարանների ղեկավարներ, արվեստագետներ, լրագրողներ:


Միջոցառման մեկնարկին հյուրերին ողջունել է Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը: Նա մասնավորապես անդրադարձել է անկախության 23 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներին, մարտահրավերներին և երկրի զարգացմանն ու առաջընթացին ուղղված անելիքներին:


Դեսպանը գոհունակություն է հայտնել հայ-ճապոնական տարեցտարի սերտացող հարաբերությունների առիթով՝ նշելով, որ Հայաստանն առավել ճանաչելի է դարձել ճապոնացի հասարակությանը, և հետաքրքրության ոլորտներն ու համագործակցության հեռանկարներն առավել ընդլայնվել են:


Այնուհետև Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նոր ղեկավար Սեյշիրո Էտոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ղեկավարությանը և հայ ժողովրդին:


Նա նշել է, որ Հայաստանն ու Ճապոնիան իրենց գործընկերությունն ու բարեկամությունը խորացնելու համար արդեն իսկ ակտիվ և հագեցած օրակարգ ունեն, և պատրաստակամ աշխատանքի շնորհիվ հնարավոր է իրականացնել օրակարգի բազմաթիվ հարցեր:


Պատգամավորը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարեսկզբին Հայաստանում բացվող Ճապոնիայի դեսպանությունը ևս կնպաստի համատեղ աշխատանքի արդյունավետությանը: