Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանի առաջատարն է. «Լրագրողներ առանց սահմանների»

14:00 • 30.09.14

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության իր ամենամյա զեկույցը, որի համաձայն ամենաազատ մամուլն ունի Ֆինլանդիան: Առաջատար տասնյակում են, բացի Ֆինլանդիայից, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Լիխտենշտեյնը, Դանիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան, Շվեդիան:

 

Հայաստանը զեկույցում 78-րդ հորիզոնականում է և մամուլի ազատության ցուցանիշով առաջատար է տարածաշրջանում:


Վրաստանը 84-րդն է, Ադրբեջանը՝ 160-րդը: Թուրքիան և Իրանը, համապատասխանաբար, 154 և 173-րդն են: Սակայն եթե նշված երկրները բարելավել (Վրաստան՝ +16, Իրան՝ + 1) կամ գոնե չեն զիջել իրենց դիրքերը (Թուրքիա), ապա Ադրբեջանն ու Հայաստանը չորսական հորիզոնականով զիջել են իրենց դիրքերը՝ անցած տարվա ցուցանիշների համեմատ: Անցած տարի Հայաստանը կրկին առաջատար էր` զբաղեցնելով 74-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 156-րդն էր, Վրաստանը՝ 100-րդը, Թուրքիան՝ 154-րդը:

 

Զեկույցում Ադրբեջանի առնչությամբ հատուկ նշվում է, որ այդ երկիրը «բարեհաջող պատճենում է Ռուսաստանի ռեպրեսիվ միջոցները» մամուլի ոլորտում: Նույն նկատառումն է հայտնված նաև Ուկրաինայի առնչությամբ, որը , ևս էականորեն զիջելով Հայաստանին, ցուցակում 127-րդն է:

 

Զեկույցը կազմվում է հատուկ ստեղծված հարցաշարի հիման վրա, որը պարունակում է 87 հարց: Այդ հարցերին պատասխանում են ներառված երկրների, այս տարի՝ 180-ը, գործընկեր կազմակերպությունները, ակտիվիստները, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության թղթակիցները: Վարկանիշային աղյուսակը ձևավորվում է ըստ վեց հիմնական չափորոշիչների՝ մամուլի բազմակիությունը, ԶԼՄ-ների անկախ լինելը, գրաքննությունը, ոլորտը կառավարող օրենսդրական դաշտը, թափանցիկությունը, ենթակառուցվածքները: Հաշվի են առնվում նաև լրագրողների մահվան և բանտարկության, նրանց վրա հարձակումների դեպքերն այս կամ այն երկրում: